
Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է նախատեսում «Բարձրագույն կրթության մասին» օրենքում:
Կրթության նախարարության մշակած փոփոխությունների փաթեթը նպատակ ունի պարզեցնելու հին՝ մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը գործող միաստիճան ծրագրերի շրջանավարտների դիպլոմների ճանաչման գործընթացը: Մասնավորապես, նախատեսվում է 4-ամյա կրթությունը հավասարեցնել մագիստրոսի աստիճանին, մինչդեռ մինչ այժմ գործող օրենքով ստացած կրթությունը, ըստ ուսման տևողության, բաժանվում էր հետևյալ կերպ.
• 5-ամյա ծրագրի դիպլոմը հավասարեցվում էր մագիստրոսին,
• 4-ամյա ծրագրի դիպլոմը՝ բակալավրին:
Բացատրագրում նշված է, որ սա ստեղծել է անարդար իրավիճակ. նույն մասնագիտությունն ու որակավորումն ունեցող անձինք հայտնվել են տարբեր կարգավիճակներում միայն այն պատճառով, որ մեկը սովորել է «առկա» համակարգով (4 տարի), իսկ մյուսը՝ «հեռակա» (5 տարի): 4-ամյա ծրագրի շրջանավարտների համար սահմանափակվել էր նաև ասպիրանտուրայում (դոկտորանտուրա) ուսումը շարունակելու իրավունքը:
Ըստ օրինագծի՝ հիմնական նորամուծությունները հետևյալն են.
• Հավասարեցում մագիստրոսին. մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը միաստիճան ծրագրի ավարտի արդյունքում տրված բոլոր դիպլոմները, անկախ ուսման տևողությունից, կհավասարեցվեն մագիստրոսի աստիճանին:
• Ճանաչում առանց հավատարմագրման. պետությունը կճանաչի այն ուսանողների դիպլոմները, որոնք մինչև 2010 թվականն ընդունվել են արտոնագրված հաստատություններ, անկախ նրանից՝ հաստատությունն այդ պահին ունեցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում, թե ոչ:
• Եթե ուսանողն ընդունվել է հաստատություն, որը դեռ արտոնագիր չուներ, բայց արդեն ձեռք էր բերել դիպլոմը, պետությունը կճանաչի այդ կրթությունը:
Բացատրագրի համաձայն՝ այս հարցով դատարաններում բազմաթիվ վեճեր են ընթացել: Գերագույն դատարանը գրեթե բոլոր դեպքերում անցնում էր քաղաքացիների կողմը և Կրթության որակի զարգացման կենտրոնին պարտավորեցնում էր ճանաչել դիպլոմները:
Պետության համար այս գործընթացը կապված էր նաև ֆինանսական վնասների հետ: Միայն 2025 թվականին Կրթության որակի կենտրոնը դատական վեճերի վրա ծախսել է 135 հազար 395 լարի:
Նախարարությունը հայտնել է, որ օրենքի ընդունումից հետո հազարավոր մարդկանց այլևս ստիպված չեն լինի տարիներով դատարաններում վիճարկել սեփական դիպլոմի իսկությունը:

