
Շների հիպերպոպուլյացիայի կառավարման 2026 թվականի պետական ծրագիրը նախատեսում է մի շարք համալիր միջոցառումներ, այդ թվում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան կենդանիների կացարանների կառուցում Քվեմո Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում և Սամցխե-Ջավախեթիում։ Տեղեկությունը տարածել է Սննդամթերքի ազգային գործակալությունը` չհստակեցնելով նախագծերի իրականացման ժամկետները։
«Ծրագրի շրջանակներում, տեղական մունիցիպալիտետների հետ համաձայնությամբ, արդեն ընտրվել են համապատասխան տարածքներ կացարանների կառուցման համար։ Գործընթացում ակտիվորեն ներգրավված են Հիպերպոպուլյացիայի կառավարման կենտրոնի ներկայացուցիչները։
Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվել բոլոր երեք տարածաշրջաններում, որտեղ քննարկվել են ենթակառուցվածքային կարիքները և նախագծի իրականացման փուլերը»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Հիպերպոպուլյացիայի կառավարման կենտրոնի փորձագետ Լաշա Գեգեճկորիի հայտարարությամբ՝ երկրում գործող կացարանների ցանցի ընդլայնումը և ևս երեք տարածաշրջաններում նոր օբյեկտների գործարկումը զգալիորեն կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ կաստրացիայի և ստերջացման միջոցով։

