Փաշինյանն ու Ալիևն ստացել են «Գերնիկա» մրցանակը՝ խաղաղության ուղղությամբ ջանքերի համար

Փաշինյանն ու Ալիևն ստացել են «Գերնիկա» մրցանակը՝ խաղաղության ուղղությամբ ջանքերի համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել են «Գերնիկա» մրցանակ՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Փաշինյանի անունից ստացել է մրցանակը, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը:

Իլհամ Ալիևը մրցանակի ստացման կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար:

«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում: Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան», – նշել է նա:

Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար:

«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», – շեշտել է Ալիևը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա, օրերս ասել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Չնայած նման հայտարարություններին՝ հայտնի չէ, թե երբ երկու հարևան պետությունները կստորագրեն խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը: Բաքուն ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարտադիր պահանջ է դնում:

Azatutyun.am