Ուսուցիչների որակավորման նոր պահանջները. մասնագիտական շրջանակն ահազանգում է

Ուսուցիչների որակավորման նոր պահանջները. մասնագիտական շրջանակն ահազանգում է

Վերջին շրջանում Վրաստանի կրթական համակարգում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ուսուցիչների որակավորման բարձրացմանն ու վարձատրությանը վերաբերող նոր բարեփոխումը։

Վրաստանի կրթության նախարարության նախաձեռնությունը, որը նախատեսում է պարտադիր քննություն մի քանի առարկաներից, լուրջ անհանգստություն և քննադատության ալիք է առաջացրել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ հասարակության շրջանում։

Մասնավորապես, 2026 թվականից ուսուցիչների համար կգործարկվեն նոր կանոններ, որոնց համաձայն՝ մանկավարժները ստիպված կլինեն հաստատելու իրենց իրազեկությունը մի քանի առարկայից։

Ուսուցիչները պարտավոր են հաստատել իրենց իրազեկությունը  ոչ միայն սեփական մասնագիտական առարկայից, այլև տվյալ առարկայական խմբի մեջ մտնող այլ դիսցիպլիններից (առարկայական ճյուղ)։

Ըստ նախաձեռնության՝ այն դեպքում, եթե ուսուցիչը չկարողանա հանձնել համապատասխան քննությունը, նրա աշխատավարձի հավելավճարը կդադարեցվի, ինչը մանկավարժների մի մասի համար նշանակում է եկամտի կրճատում։

Նախարարության պարզաբանմամբ՝ մանկավարժները հնարավորություն կունենան, հիմնական առարկայի քննությունից բացի, գրանցվելու լրացուցիչ առավելագույնը երեք առարկայի քննության համար և միաժամանակ հաստատելու իրենց պատրաստվածությունը։ Հենց իրենք՝ ուսուցիչները, պնդում են, որ նշված պահանջն իրենց համար լուրջ մարտահրավեր է։

Բարեփոխումը քննադատության է արժանացել հատկապես շրջաններում, որտեղ ուսուցիչները փոփոխությունները խնդրահարույց են համարում: Նրանց խոսքով՝ այս փոփոխության նպատակը ոչ թե որակն է, այլ գումարի տնտեսումը։

Կրթության փորձագետները շեշտում են, որ առանց համապատասխան վերապատրաստման և աջակցության միայն քննություններ պարտադրելը չի բարձրացնի կրթության որակը, այլ միայն կվատթարացնի ուսուցիչների մոտիվացիոն վիճակը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հարցի շուրջ զրուցեց Հանրակրթական հաստատությունների լիազորությունների փորձագետ, մենթոր ուսուցիչ, Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության պրոֆեսիոնալ ուսուցիչների խորհրդատվական խորհրդի նախագահ Ռոլանդ Խոջանաշվիլիի հետ:

Խոջանաշվիլին նշեց, որ նախկին «ստատուսային» հավելավճարները փոխարինվում են գործառութային հավելավճարներով։

«Աշխատավարձի հավելավճարը ոչ թե դադարեցվելու է, այլ աշխատավարձը չի փոխհատուցվելու բարձր սակագնով։ Աշխատավարձի հավելավճարն այնպես, ինչպես նախկինում էր առաջատար և մենթոր ուսուցիչների համար, այլևս այդ կերպ չի դիտարկվում։

Այժմ խոսքը գործառութային հավելավճարի մասին է, և դա կապված չէ ժամային ծանրաբեռնվածության հետ։ Համաձայն 641-րդ որոշման՝ բարձր կարգավիճակ ունեցող անձանց վարձատրություն կտրվի կոնկրետ գործառույթների կատարման համար»,— նշեց նա։

Ինչ վերաբերում է իրազեկության հաստատմանը, ըստ փորձագետի, դրա մասին զգուշացվել են դեռ երկու տարի առաջ՝ «եթե իրազեկությունը հաստատված չլինի, ուսուցչի աշխատանքը կվարձատրվի հին՝ ցածր սակագնով»։

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհիներից Աննա Դարբինյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նման պայմանները ոչ թե կխրախուսեն ուսուցչին, այլ ընդհակառակը՝ կհանգեցնեն հուսահատության և աշխատանքային մոտիվացիայի անկման։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապացուցի իր գիտելիքները քննությամբ այն առարկաների շրջանակում, որոնք դասավանդում է.

«Իհարկե, կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապացուցի իր գիտելիքները քննությունով այն առարկաների շրջանակում, որոնք դասավանդում է, բայց սահմանել նման բարձր նիշ (անցողիկ 10 կրեդիտ), կարծում եմ` սխալ է։ Ըստ իս, սա ավելի շատ կնպաստի ուսուցչի մոտիվացիայի նվազեցմանը»:

Ոլորտի որոշ փորձագետներ շեշտում են, որ ուսուցիչները ստիպված են լինելու պատրաստվել և հանձնել միանգամից 3-4 առարկայի քննություն՝ պարզապես իրենց ունեցած եկամուտը պահպանելու համար (նույնիսկ` ոչ թե ավելացնելու)։

Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Մանանա Ռատիանիի խոսքով՝ նախարարությունն ուսուցիչներին երեք առարկայից քննություն հանձնելու իրավունք տալով կարծես տպավորություն է ստեղծում, որ ինչ-որ լավ բան է արել, բայց իրականում ուսուցիչների մեծամասնության աշխատավարձը սեպտեմբերին կրճատված կլինի (աղբյուրը՝ Netgazeti)։

«Սա իրականում շատ լուրջ թեմա է։ Ուսուցիչների վարձատրության գործող կարգի համաձայն՝ եթե ուսուցիչը տվյալ առարկայական խմբի մեջ մտնող առարկաներից թեկուզ մեկից հաստատված իրազեկություն ուներ, նա հավելավճար էր ստանում նաև այդ խմբի մյուս առարկաները դասավանդելու դեպքում։

Օրինակ՝ եթե ես հանձնել եմ առարկայական քննություն կենսաբանությունից, բայց միաժամանակ դասավանդում եմ նաև քիմիա, հավելավճար էի ստանում նաև քիմիայի համար։ Իսկ այս փոփոխության համաձայն՝ եթե այլևս չկարողանամ (առանձին քննությամբ) հաստատել առարկայական իրազեկությունս քիմիայից, ապա այդ հավելավճարն այլևս չեմ ստանա։ Նույնը կլինի նաև այլ առարկաների պարագայում։ Եթե ես պատմաբան եմ և դասավանդում եմ քաղաքացիական կրթություն, հիմա արդեն ստիպված կլինեմ նաև այդ առարկայից քննություն հանձնել և հաստատել իրազեկությունս։

Այս փոփոխությունը կվերաբերի բազմաթիվ ուսուցիչների, քանի որ մանկավարժների մեծամասնությունն իր հիմնական առարկային զուգահեռ համատեղում է նաև մեկ այլ առարկայի դասավանդում։ Հետևաբար, եթե տվյալ ուսուցիչը չկարողանա հանձնել քննությունը, ստիպված կլինի բավարարվել ցածր վարձատրությամբ»,— նշել է փորձագետը։

Այս կարծիքին համամիտ է նաև ուսուցիչ Լադո Աբխազավան։

«Քողարկված քայլ են արել. կարծես ուսուցիչը պետք է շնորհակալ լինի, որ երեք առարկայից թույլ են տալիս քննություն հանձնել, բայց այդ քննություններից հետո նրանցից ոմանք գուցե չկարողանան հաստատել իրենց իրազեկությունը իրենց առարկայական խմբում, ինչի հետևանքով շատ ցածր վարձատրություն կունենան։ Որքան շատ ուսուցիչ ձախողի քննությունը, այնքան լավ նրանց համար (իշխանությունների), որովհետև հսկայական գումար կտնտեսվի», — ասել է Լադո Աբխազավան։

Կրթության նախարարությունը, սակայն, պարզաբանում է, որ փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու դասավանդման որակը։

Այսպիսով, կրթական համակարգի նոր կանոնակարգը ենթադրում է անցում մասնագիտական իրազեկության անհատական հաստատման մոդելին։ Մինչ նախարարությունը շեշտադրում է կրթության որակի բարելավումը և յուրաքանչյուր առարկայի գծով հստակ չափորոշիչների սահմանումը, մանկավարժական և փորձագիտական շրջանակները մատնանշում են դրա հնարավոր ազդեցությունը ուսուցիչների վարձատրության համակարգի և աշխատանքային մոտիվացիայի վրա։