Օգտագործված անվադողերի և ջարդոնի իրացման կանոնները խստացվում են

Օգտագործված անվադողերի և ջարդոնի իրացման կանոնները խստացվում են

Վարչական տուգանքները, որոնք վերաբերում են օգտագործված անվադողերի, ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների, հեշտությամբ բռնկվող, պայթուցիկ և փխրուն նյութերի սխալ տեղադրմանն ու իրացմանը, և որոնք այժմ գործում են միայն Թբիլիսիի մասշտաբով, կտարածվեն բոլոր մունիցիպալիտետների վրա։

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ համապատասխան ֆինանսական պատժամիջոցները, բացի Թբիլիսիից, կգործեն նաև Վրաստանի ողջ տարածքում։

Որքա՞ն է կազմում տուգանքն օգտագործված անվադողերի սխալ տեղադրման դեպքում։

Ըստ նախագծի՝ օգտագործված անվադողերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների և դրանց մասերի, հեշտությամբ բռնկվող, պայթուցիկ կամ փխրուն նյութերի տեղադրումը և/կամ իրացումը այն վայրերում, որոնք համապատասխան մունիցիպալիտետի սակրեբուլոյի (ավագանու) որոշմամբ սահմանված չեն, կառաջացնի.

• Ֆիզիկական անձի տուգանում՝ 2500 լարիի չափով.

• Իրավաբանական անձի տուգանում՝ 5000 լարիի չափով։

Խախտումը կրկնելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 5000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 15 հազար լարիի չափով։

Եթե նշված խախտումը կատարվել է «Մշակութային ժառանգության մասին» օրենքով սահմանված մշակութային ժառանգության պահպանման գոտում, ապա տուգանքը կկազմի.

• Ֆիզիկական անձի դեպքում՝ 5000 լարի.

• Իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարի։

Կրկնվելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 10 հազար լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 30 հազար լարիի չափով։

Վերոնշյալ նյութերի տեղադրումը կամ իրացումը  սահմանված կարգի խախտմամբ կառաջացնի.

• Ֆիզիկական անձի տուգանում՝ 1000 լարիի չափով.

• Իրավաբանական անձի դեպքում՝ 2500 լարիի չափով։

Կրկնվելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2500 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 5000 լարիի չափով։

Մշակութային ժառանգության պահպանման գոտում նույն խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 2500 լարիի չափով, իրավաբանական անձը՝ 5000 լարիի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ համապատասխանաբար 5000 և 15 հազար լարիի չափով։

Նախագիծը մշակել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները։