Միջազգային առաջնորդները ժամանում են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Միջազգային առաջնորդները ժամանում են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Երևանում մայիսի 4-ին տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում եվրոպական պետությունների և միջազգային կառույցների բարձրաստիճան առաջնորդներ: 

Մայիսի 3-ին Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ որպես գագաթնաժողովին հրավիրված առաջին ոչ եվրոպական երկրի ղեկավար։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Կանադայի կառավարության ղեկավարին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

Հայաստան են ժամանել նաև Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան։

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը, Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, ինչպես նաև տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ 

Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: