
Այսօր` մայիսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները փակել են դեպի աղբանոց տանող ճանապարհը նշան բողոքի տարիներ շարունակ չլուծվող խնդրի դեմ։
Բնակիչների խոսքով՝ աղբանոցից քամու միջոցով տարածվող աղբը լցվում է իրենց արտեր՝ զգալի վնաս հասցնելով։ Արդյունքում նրանք չեն կարողանում իրականացնել լիարժեք ցանք, ինչը լուրջ խնդիր է առաջացնում համայնքում։
Գյուղացիները նշում են, որ բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ արդյունավետ լուծում չի տրվել։ Նրանց խոսքով՝ ամեն տարի պատասխանատու մարմինները խոստանում են ժամանակ խնդրելով կարգավորել իրավիճակը, սակայն խոստումները մնում են անկատար։
Այս անգամ ավելի վճռական են տրամադրված, նրանք փակել են աղբանոց տանող ճանապարհը և հետ են դարձնում աղբատար մեքենաները՝ պահանջելով անհապաղ և կոնկրետ քայլեր խնդրի լուծման ուղղությամբ։
Գյուղացիները նշում են, որ խնդիրը միայն արտերով չի սահմանափակվում։ Նրանցից մեկի խոսքով՝ աղբը վնաս է հասցնում կենդանիներին և եղել են դեպքեր, երբ անգամ անասուններ են սատկել։
Ինչպես հայտնեցին բնակիչները խնդրի առնչությամբ դիմել են քաղաքապետարան, իսկ թե ինչ պատասխան կլինի առաջիկայում NOR-ը կանդրադառնա։ Աղբի խնդիր կա նաև Գորելովկա գյուղի մոտակայքում, որի մասին նույնպես կանդրադառնանք ավելի ուշ։

