
Սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների օգտագործած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կավելանա:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ փոփոխության նպատակն այն է, որ նոր սակագնի սահմանումից հետո էլեկտրաէներգիայի վճարը նրանց համար մնա անփոփոխ։
Կառավարության որոշմամբ՝ այն ընտանիքները, որոնց վարկանիշային միավորը ցածր է 70 հազարից, հավելյալ կսուբսիդավորվեն 5 թեթրիով։ Ընդհանուր առմամբ, որպես օգնություն նրանք կստանան 2020 թվականի դեկտեմբերին և 2015 թվականի հուլիսին գործող սպառողական սակագների միջև եղած տարբերությունը՝ գումարած 8,5 թեթրի 1 կվտժ-ի դիմաց (մինչ այժմ այս ցուցանիշը կազմում էր 3,5 թեթրի)։ Իսկ այն ընտանիքները, որոնց վարկանիշային միավորը բարձր է 70 հազարից և փոքր է 150 հազարից կամ հավասար, 200 կվտժ էլեկտրաէներգիայի համար կստանան սուբսիդավորում 1 կվտժ-ի դիմաց 8,5 թեթրի չափով (նախկինում այս ցուցանիշը ևս 3,5 թեթրի էր)։
«Փոփոխությունը կվերաբերի, Թբիլիսիից բացի, ողջ երկրի տարածքում բնակվող շահառուներին։ Ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին, ապա, էլեկտրաէներգիայի նոր սակագնի համաձայն, նրանք կստանան հավելյալ 10 լարի սուբսիդավորում։ Ողջ երկրի մասշտաբով այս կարգավիճակն ունեցող ընտանիքները` որպես սոցիալական արտոնություն, էլեկտրաէներգիայի վճարի համար 20 լարիի փոխարեն կստանան 30 լարի։ Սրան գումարվում է 10 լարիանոց սուբսիդիա յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար։ Փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել. կառավարության որոշումն ուժի մեջ է ապրիլի 1-ից», — հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Ընթացիկ տարվա մարտի վերջին սահմանվել են էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Արդյունքում, ապրիլի 1-ից էլեկտրաէներգիան թանկացել է բոլոր տեսակի սպառողների համար։ Թբիլիսիում և տարածաշրջաններում կենցաղային սպառողների համար սակագինն աճել է 5 թեթրիով, իսկ ձեռնարկությունների համար՝ 4-6 թեթրիով։

