
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ գների կայունության համար կձեռնարկվեն բոլոր միջոցները։ Լրագրողներին նա ասել է, որ կառավարությունն այդ հարցով զբաղվում է համապատասխան բոլոր կառույցների, նաև՝ Ազգային բանկի հետ։
BM.GE լրատվամիջոցի հարցը վերաբերել է սննդամթերքի գների կարգավորման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի և Պետական անվտանգության ծառայության հետաքննության արդյունքների հրապարակմանը, ինչին Կոբախիձեն պատասխանել է.
«Խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես գիտեք, հրապարակվել է։ Մենք զուգահեռաբար աշխատում էինք… Խորհրդարանական հանձնաժողովը ներկայացրել է հիմնավոր հետազոտություն, որին մենք համամիտ ենք։ Մենք համամիտ ենք ընդհանուր եզրակացությանն այն առումով, որ կան կառուցվածքային խնդիրներ, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի կարճացնել մատակարարման շղթան և, համապատասխանաբար, նվազեցնել գնահավելումը»։
Դրանից հետո Իրակլի Կոբախիձեն ուշադրություն է հրավիրել գնաճի վրա և նշել, որ թիրախային ցուցանիշը 3% է։
«Իհարկե, մեր վերջնական խնդիրը գնային գործընթացների կայունացումն է, և այդ կապակցությամբ մենք աշխատում ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ Վրաստանի ազգային բանկի հետ։ Բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի գնային գործընթացները կայուն ընթանան։ Մեր թիրախային ցուցանիշը 3% է, և կարևոր է, որ գնաճը չնվազի 3%-ից, քանի որ դա խոչընդոտում է (տնտեսությանը), բայց նաև չպետք է զգալիորեն գերազանցի այս նշագիծը։ Հետևաբար, մենք պետք է կառավարենք գնային գործընթացները, ինչի ուղղությամբ աշխատում ենք բոլոր կառույցների հետ», — ասել է վարչապետը։

