
Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհին՝ Ազատություն փողոցում օրերս իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Աշխատանքների շրջանակում վերանորոգվում են փոսերը, որից հետո նախատեսվում է իրականացնել փոսերի ասֆալտապատման աշխատանքներ։
NOR-ը բազմիցս անդրադարձել է Նինոծմինդայի ճանապարհների խնդրին։ Քաղաքի կենտրոնական ճանապարհը, ինչպես նաև մի շարք այլ փողոցների ճանապարհներ, երկար ժամանակ գտնվում են անմխիթար վիճակում։ Ճանապարհներին առաջացած բազմաթիվ խորը փոսերը ոչ միայն դժվարացնում են երթևեկությունը, այլև մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։

Նշենք, որ NOR-ը պաշտոնական նամակով դիմել էր Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ։ Ստացված պատասխան նամակում նշվում է, որ քննարկվել է 2026 թվականի փետրվարի 26-ի գրությունը՝ Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման) ուղղությամբ ճանապարհի վերականգնման վերաբերյալ։

Դեպարտամենտից տեղեկացնում են, որ ընթացիկ տարում կհայտարարվի էլեկտրոնային տենդեր՝ միջազգային նշանակության Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման) ավտոմոբիլային ճանապարհի կմ 90 (կմ 89+649) հատվածում՝ ձորի վրա գտնվող կամրջային անցման վերականգնման աշխատանքների համար։

Բացի այդ, այս փուլում իրականացվում է միջազգային նշանակության (Ս-11) Ախալցիխե – Նինոծմինդա (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոմոբիլային ճանապարհի կմ21+600 – կմ28+000 հատվածի վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստում, որից հետո նախատեսվում է նաև վերականգնման աշխատանքների իրականացումը։

