
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մեծ Խորենիա գյուղի բնակիչները գաղթել են Արևմտյան Հայաստանի Կարս և Արդահան նահանգներից 1828-1830թթ.:
Գյուղում առկա են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք վկայում են, որ այս վայրը նախկինում էլ է բնակեցված եղել:
Այժմ գյուղում ապրում են 110 ընտանիք: Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը և անասնապահությունն է:
Գյուղի հիմնական խնդիրներն են գյուղամիջյան ճանապարհների վատ և կամրջի վթարային վիճակը, խմելու ջրի, մանկապարտեզի, գիշերային լուսավորության, մարզադահլիճի բացակայությունը և ամենակարևորը՝ գործազրկությունը:
Վերոնշյալ խնդիրների պատճառով բնակիչներից շատերը մեկնում են այլ երկրներ արտագնա աշխատանքի: Այնուամենայնիվ բնակիչները հույսը չեն կորցնում, որ իրենց գյուղի խնդիրներին ևս ուշադրություն կդարձվի:
Բորիս Ղարսլյան