Energo-Pro Georgia ընկերությունը սակագների թանկացման մասին

Energo-Pro Georgia ընկերությունը սակագների թանկացման մասին

Վերջին օրերին Նինոծմինդայի և բարձրալեռնային բնակավայրերի բնակիչների շրջանում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ այն մասին, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ստացված հաղորդագրություններում գումարներն արդեն հաշվարկվել են նոր՝ բարձրացված սակագնով։ Խոսքը վերաբերում է շուրջ 5 թեթրի աճին, որի մասին պաշտոնական հայտարարությունները Վրաստանում հնչել էին դեռ ավելի վաղ։

Ինչպես արդեն օրեր առաջ NOR-ը տեղեկացրել էր, որ Վրաստանում ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի նոր սակագնային համակարգը։ Սակայն հանրության շրջանում ակտիվ քննարկվում էր այն հարցը, թե բարձրալեռնային շրջանների համար թանկացումը հնարավոր է հետաձգվեր և ուժի մեջ մտներ միայն հունիսից։

Չնայած այդ սպասումներին՝ բնակիչների փոխանցմամբ, նոր հաշվարկները արդեն կիրառվում են նաև բարձրալեռնային բնակավայրերում։ Ստացված ծանուցումների համաձայն՝ յուրաքանչյուր 100 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքն աճել է՝ արտացոլելով նոր սակագինը։

Հարցի շուրջ հստակ պարզաբանում ստանալու նպատակով NOR-ը պաշտոնական նամակով դիմել էր Energo-Pro Georgia ընկերությանը՝ ներկայացնելու համար թանկացման մանրամասները։

«Էներգո-Պրո Ջորջիա» ընկերության կողմից նամակում ներկայացված են նոր սակագները տարբեր բաժանորդային խմբերի համար։

Մասնավորապես՝

  • 3.3.6-10 կՎ լարման բաժանորդների համար սակագինը 27.88 թեթրի փոխարեն դարձել է 32.880 թեթրի,
  • 220/380 վոլտ լարման մյուս բաժանորդների համար՝ 28.961-ից դարձել է 35.713 թեթրի,
  • բնակչության համար մինչև 101 կՎտ սպառման դեպքում՝ 14.731-ից դարձել է 19.731 թեթրի,
  • 101-ից 301 կՎտ սպառման դեպքում՝ 18.708-ից դարձել է 23.707 թեթրի,
  • իսկ 301 կՎտ-ից ավելի սպառման դեպքում՝ 23.227-ից դարձել է 28.227 թեթրի։

Նամակում նաև նշվում է, որ փոփոխված սակագները հաստատվել են համապատասխան կարգավորող որոշման հիման վրա և կիրառվում են 2026 թվականի ապրիլի 1-ից։