«Բարեկամության և ավանդույթների կամուրջ» փառատոնը միավորել է Գորելովկայի և Ասպինձայի դպրոցականներին

«Բարեկամության և ավանդույթների կամուրջ» փառատոնը միավորել է Գորելովկայի և Ասպինձայի դպրոցականներին

Նինոծմինդայի մունիցիպալտետի Գորելովկայի թիվ 1 հանրային դպրոցում անցկացվել է «Բարեկամության և ավանդույթների կամուրջ» միջդպրոցական փառատոնը, որի շրջանակում դպրոցը հյուրընկալել է Ասպինձայի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։

Տեղեկությունը հրապարակվել է դպրոցի տնօրեն Տատյանա Կարևայի ֆեյսբուքյան էջում։

Փառատոնի շրջանակում Ասպինձայի դպրոցի պատվիրակությունը գլխավորել է ուսուցչուհի Օլգա Լեկիշվիլի Սլինկոն։ Հանդիպման հիմնական նպատակը եղել է դպրոցների միջև համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանում ապրող ժողովուրդների ավանդույթների և կենսակերպի ճանաչումը, ինչպես նաև բազմազգ միասնության նկատմամբ հարգանքի խորացումը։

Տեսանյութ՝

Հյուրերին դիմավորել են աշակերտները, որոնք կրել են ազգային տարազներ։ Բացման ընթացքում ներկայացվել են դուխոբորյան, վրացական և հայկական մշակութային տարրեր, որոնք դարձել են բարեկամության խորհրդանիշ։

Կազմակերպվել է նաև էթնո-գաստրոնոմիկ հատված, որի ժամանակ հյուրերը համտեսել են դուխոբորների պատրաստված ավանդական կարկանդակներ։

Մասնակիցները այցելել են նաև Գորելովկա գյուղի Դուխոբորների մշակութային կենտրոն , որտեղ ծանոթացել են համայնքի պատմությանը, մշակույթին և յուրահատուկ ճարտարապետությանը։

Փառատոնի ավարտին անցկացվել է «Ցանկությունների ծառ» միջոցառումը, որի ընթացքում երեխաները գրել են իրենց տպավորություններն ու ապագա հանդիպումների ցանկությունները։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ այս օրը դարձել է տարբեր մշակույթների, ընդհանուր հետաքրքրությունների և փոխադարձ հարգանքի միավորման օրինակ։