
Այն հեռարձակողներին, որոնք լրատվական թողարկումներ չունեն, այլևս չի արգելվի օտարերկրյա ֆինանսավորում ստանալ.
«Վրացական երազանք»-ը փոփոխություններ է կատարել «Հեռարձակման մասին» օրենքում։ Փոխվում է այն հոդվածը, որի հիման վրա հեռարձակող ընկերություններին արգելվել էր օտարերկրյա աղբյուրներից ուղղակի կամ անուղղակի ձևով ֆինանսավորում ստանալ։ «Վրացական երազանք»-ի պատգամավորները խորհրդարան են ներկայացրել փոփոխություններ, որոնց համաձայն՝ օտարերկրյա ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալու արգելքը չի տարածվի մասնագիտական ուղղվածություն ունեցող հեռարձակողների վրա։
Օրինագծի պարզաբանման մեջ նշված է, որ արգելքը չի տարածվի այն հեռարձակողների վրա, որոնք հեռարձակում են մեկ թեմատիկայի՝ սպորտային, ճանաչողական, կրթական և ժամանցային հաղորդումներ։ Այն հեռարձակողների համար, որոնց եթերում հեռարձակվում են նորություններ և հասարակական-քաղաքական թեմատիկայի հաղորդումներ, օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստանալը կշարունակի արգելված մնալ։

