Սոցանապահովների դիմումների ներկայացման գործընթացը կպարզեցվի

Սոցանապահովների դիմումների ներկայացման գործընթացը կպարզեցվի

Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցվելու համար դիմումների ներկայացման գործընթացը կպարզեցվի։

Մասնավորապես, հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները կկարողանան դիմում ներկայացնել առցանց՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։

Նոր համակարգը հասանելի կլինի նաև հայերեն և ադրբեջաներեն։ Հուլիսի 1-ից նաև ապրուստի նպաստի նշանակման ժամկետը կկրճատվի մինչև 60 օր։

Այս փոփոխություններն իրականացվում են Համաշխարհային բանկից աջակցվող «Մարդկային կապիտալ» ծրագրի շրջանակներում։

Առողջապահության նախարարի տեղակալ Իրինե Ծաքաձեն հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոբերտո Կլաուդիո Սորմանիի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Մարդկային կապիտալ» ծրագրի շրջանակներում սոցիալական պաշտպանության ուղղությամբ նախատեսված նախագծերի ընթացքը և հետագա համագործակցության հարցերը։ Նշվել է, որ ծրագրի նպատակն է սոցիալական պաշտպանության համակարգի հզորացումը և բնակչության համար որակյալ ծառայությունների հասանելիության բարելավումը։

Առողջապահության նախարարի տեղակալ Իրինե Ծաքաձեի հայտարարությամբ՝ ծրագրի առաջին փուլը նպատակաուղղված է սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցման դիմումների ներկայացման գործընթացի պարզեցմանը։

«Մարդկային կապիտալ» ծրագիրը, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը, ներառում է առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ուղղությունները։

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և կշարունակվի մինչև 2028 թվականը։ Ծրագրին աջակցելու համար Համաշխարհային բանկը հատկացրել է 400 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD) իրականացրել է 100 միլիոն եվրոյի համաֆինանսավորում։