Վրաստանում վարորդական վկայական ստանալու կանոնները պարզեցվել են

Վրաստանում վարորդական վկայական ստանալու կանոնները պարզեցվել են

ՎրաստանինՆերքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ստորագրել է հրամանագիր, ըստ որի` վարորդական վկայական ստանալու կանոնները պարզեցվել են, քննական բարձրագույն շեմը ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննությունների ժամանակ փոխվել է հօգուտ թեկնածուների։

B կատեգորիայի և B1 ենթակատեգորիայի (թեթև մարդատար ավտոմեքենաներ և նմանատիպ տրանսպորտ) վարման իրավունք ստանալու տեսական քննության շեմը նվազել է։

Եթե մինչ այժմ գործող կանոնով թեկնածուն 30 հարցանոց թեստում ընդամենը 3 սխալ թույլ տալու իրավունք ուներ (անցողիկ միավորը 27-ն էր), այսուհետ թույլատրելի սխալների քանակը հասնում է մինչև 5-ի։ Դրան համապատասխան՝ տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու համար բավարար կլինի նվազագույնը 25 ճիշտ պատասխանը։ Քննության ժամանակը նախկինի պես սահմանված է 30 րոպե։

Այսօրվանից փոխվում է նաև քաղաքի քննության հերթերի կառավարման սկզբունքը.

Գործնական քննության երկրորդ փուլի հերթում տեղերն ավելի արդարացիորեն բաշխելու նպատակով Սպասարկման գործակալությունը իրավասու է դառնում մշակել հատուկ ալգորիթմ։

Համակարգը կվերլուծի թեկնածուների տվյալները և ամրագրման ժամանակ առաջնահերթություն կտա նրանց, ովքեր քննությանը մասնակցում են առաջին անգամ, մինչ այժմ քիչ փորձեր ունեն ֆիքսած կամ երկար ժամանակ են սպասում հերթագրմանը։

2026 թվականի հունիսի 15-ից քաղաքի գործնական քննության ժամանակ թեթև սխալների քանակը մեծանում է.

Զգալի արտոնություն է սահմանվում նաև գործնական քննության երկրորդ փուլում (վարում ռեալ պայմաններում/քաղաքում)։

Մինչև հիմա գործող կանոնով վարորդի թեկնածուն գործնական քննությունից կտրված էր համարվում 12 թեթև սխալ թույլ տալու դեպքում։ Նոր հրամանով՝ այս լիմիտը մեծանում է մինչև 15-ի։ Դրան համապատասխան՝ բացասական գնահատական թեկնածուն կստանա միայն 15 կամ ավելի թեթև սխալներ կուտակելու դեպքում։

2026 թվականի հունիսի 15-ից թեկնածուներին հնարավորություն կտրվի քննության ժամանակ ուղղելու փոքր թերությունները։

Նոր կանոնի համաձայն՝ նվազում է տեխնիկական կամ հուզմունքի պատճառով թույլ տրված սխալների պատճառով քննության ժամանակից շուտ դադարեցման ռիսկը։

Եթե թեկնածուն մինչև մեքենան տեղից շարժելը կամ ընթացքին պատրաստվելիս անվտանգության որևէ կանոն սխալ կատարի (օրինակ՝ ամրագոտին չկապի, հայելիները չուղղի կամ տրանսպորտային միջոցի պատրաստվածությունը չստուգի), քննողը նրան անմիջապես սխալ չի գրի։ Հրամանի համաձայն՝ քննողը պարտավոր է թեկնածուին բանավոր հուշում տալ (օրինակ՝ «խնդրում եմ, ևս մեկ անգամ ստուգեք պատրաստվածությունը երթևեկության համար») և տալ ողջամիտ ժամանակ այդ թերությունը շտկելու համար։ Սխալը պաշտոնապես կֆիքսվի միայն այն դեպքում, եթե թեկնածուն հուշումից հետո էլ չկարողանա կանոնը պատշաճ կերպով կատարել։

Գորիում և Բաթումիում տրանսպորտային միջոցի վարման իրավունք ստանալու քննական երթուղիները փոխվել են։