
Քրիստոնեությունը Վրաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ կառավարությունը պահուստային ֆոնդից Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին կհատկացնի 5.3 միլիոն լարի (մոտավորապես 2 միլիոն դոլար)։ Այս մասին նշված է նախարարների կաբինետի կողմից մայիսի 21-ին հրապարակված համապատասխան որոշման մեջ։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ մեծածավալ հիշատակի միջոցառումները կսկսվեն հունիսի 1-ից և կտևեն մինչև հոկտեմբերի 14-ը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո III-ը համանախագահներ են՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի։
Փաստաթղթի համաձայն՝ այս գումարը կփոխանցվի պատրիարքարանին՝ «միջոցառումները ֆինանսավորելու համար»։
«Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը կնշվի մեծածավալ կրթական և մշակութային միջոցառումներով»։
Հոբելյանական միջոցառումներին վերաբերող հարցերը քննարկվել են Վրաստանի կառավարության և Պատրիարքարանի համատեղ հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել կառավարության վարչակազմի շենքում: <…> Ծրագիրը ներառում է մշակութային և կրթական միջոցառումներ, ակադեմիական կոնֆերանսներ և ուսանողական արշավախմբեր:
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև Սվետիցխովլոբա: Հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 14-ին նախատեսվում է անցկացնել «Աստված, Հայրենիք, Մարդ» թեմայով սիմպոզիում:

