
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ցոտնե Իվանիշվիլին, հայտարարել է, որ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կարող են առողջ երկխոսություն վարել, եթե անկեղծորեն սիրեն իրենց երկիրը։
Կրտսեր Իվանիշվիլին այս հայտարարությունն արել է կուսակցության երիտասարդական կազմակերպության Ռուսթավիում կայացած տարածաշրջանային համաժողովում։
Նրա խոսքով՝ Վրաստանում կա կեղծ կարծրատիպ, որ երիտասարդների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի «Վրացական երազանքի» նկատմամբ՝ նշելով, որ նույնիսկ հակառակ տեսակետների դեպքում կարևոր է պահպանել քննարկման և բանավեճի հնարավորությունը։
«Կարծում եմ՝ մենք բոլորս կարող ենք հեշտությամբ համաձայնվել, որ այսօր Վրաստանում կա մի կեղծ կարծրատիպ, որ երիտասարդների մեծ մասը շատ բացասական վերաբերմունք ունի «Վրացական երազանքի» նկատմամբ։ Օրինակ, ես ունեմ ընկերներ, որոնց հետ մենք կարող ենք բոլորովին տարբեր տեսակետներ ունենալ շատ հարցերի շուրջ, բայց ես միշտ հետաքրքիր եմ համարում նրանց հետ վիճելն ու զրուցելը։
Ես սա ասել եմ առաջ և կրկին կասեմ. իմ կարծիքով, եթե տարբեր տեսակետներ ունեցող երկու մարդիկ անկեղծորեն սիրում են իրենց հայրենիքը, նրանք կարող են քննարկել ցանկացած թեմա, բանավեճել, և հենց նման բանավեճերում են ծնվում առողջ կարծիքներ, ծնվում է ամուր դիրքորոշում և, ամենակարևորը, ծնվում է ճշմարտություն», – ասաց «Երազանքի» պատվավոր նախագահի որդին։
Իվանիշվիլի կրտսերը կողմ է արտահայտվել երկրում երիտասարդական համաժողովների անցկացմանը և առաջարկել է զարգացնել այս ձևաչափը երկարաժամկետ հեռանկարում, քանի որ, ինչպես նա նշեց, նման հանդիպումները կօգնեն ամրապնդել երիտասարդների միջև երկխոսությունը և նվազեցնել հասարակության մեջ բևեռացումը։

