Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կառավարությունում նախատեսված կառուցվածքային փոփոխությունները: Կվիրիկաշվիին նշել է, որ այն մարդիկ, որոնք կառավարությունը լքել են, մնում են կառավարական թիմի անդամներ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
«Մեր երկրում մեր կառավարության պայմաններում անցկացված հերթական ժողովրդավարական ընտրությունները մեզ մանդատ են տվել շարունակելու մեր ընտրած քաղաքականությունը եւ ավելին՝ փոփոխություններ իրականացնելու բնակչության բարեկեցության եւ երկրի արագ զարգացման համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ փոփոխությունները կոչված են էլ ավելի ճկուն եւ գործուն պետական կառավարում ստեղծելուն:
Փոփոխությունների արդյունքում կկրճատվեն էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները, ինչպես նաեւ եվրաինտեգրացիայի պետական նախարարի ապարատը:
Կառավարությունը կլքեն կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, սպորտի նախարար Տարիել Խեչիկաշվիլին, շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին:
Կառավարությունում 2 նոր դեմքեր կհայտնվեն՝ Միխայիլ Չխենկելին, ով առաջադրված է կրթության նախարարի պաշտոնում, եւ Մամուկա Բախտաձեն՝ որպես ֆինանսների նախարար:
Չի հաստատվել նախօրեին տարածված տեղեկությունը, թե վերացվելու է պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարարությունը, որը ղեկավարում է Կախա Կախիշվիլին: