
Մայիսի 29-ին Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ Ախալքալաքի Աշուղական դպրոցի Ջիվանու անվան անսամբլի և սաների հաշվետու համերգը, որը կազմակերպել էր աշուղ Ալիք Ջավախքը (Ալիք Քսպոյան)։
Միջոցառմանը մասնակցում էին դհոլահարների անսամբլը, որը բաղկացած էր 40 դհոլահարներից, ինչպես նաև Ախալքալաքից և շրջակա տարբեր գյուղերից ժամանած շուրջ 30 երգչախմբի սաներ։ Համերգի ընթացքում երգչախմբի սաների կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական երգեր, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ու բուռն ծափահարություններին։
Հատկանշական է, որ Աշուղական դպրոցի սաները բազմիցս մասնակցել են տարբեր երկրների միջազգային փառատոնների՝ մշտապես զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականներ և արժանանալով Գրան պրի մրցանակների։
Դահլիճում ներկա էին ծնողներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ և մշակութային կյանքի ներկայացուցիչներ, որոնք բարձր գնահատեցին սաների և մանկավարժների կատարած աշխատանքը։
Միջոցառումն անցավ բարձր մակարդակով և դարձավ մշակութային նշանակալի իրադարձություն։ Հատուկ ուշադրության արժանացավ համերգի ամենափոքր մասնակիցը՝ 4-ամյա սանը, որը գեղեցիկ երգով հիացրեց ներկաներին։ Նրա ելույթը բարձր գնահատվեց, և աշուղ Ալիք Քսպոյանի կողմից նա արժանացավ մեդալի և հատուկ նվերի։
Համերգի ավարտին մասնակիցների ծնողները իրենց խորին շնորհակալությունն արտահայտեցին Ալիք Քսպոյանին՝ նշելով, որ նա չի խնայում ոչ մի ջանք ու եռանդ երեխաների կրթության, ստեղծագործական զարգացման և հաջողությունների համար՝ օգնելով նրանց հասնել առավելագույն արդյունքների և պատվով ներկայացնել Ջավախքի մշակույթը տարբեր բեմերում։
Նրանք բարձր գնահատեցին աշուղի երկարամյա և նվիրված աշխատանքը։ Նրանք ընդգծեցին, որ Ալիք Քսպոյանը ոչ միայն փոխանցում է աշուղական արվեստի գիտելիքներն ու ավանդույթները, այլև մեծ սիրով ու հոգատարությամբ ձևավորում է երեխաների գեղարվեստական ճաշակը, ինքնավստահությունը և հայրենասիրական ոգին։
Ծնողների խոսքով՝ նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և անսահման նվիրվածության շնորհիվ բազմաթիվ երեխաներ հնարավորություն են ստացել բացահայտելու իրենց տաղանդը, մասնակցելու հանրապետական և միջազգային փառատոնների ու գրանցելու նշանակալի հաջողություններ։
Մանրամասները տեսանյութում․

