Սաղամոցիները ձեռնամուխ են եղել սեփական միջոցներով գյուղի գազաֆիկացմանը

Սաղամոցիները ձեռնամուխ են եղել սեփական միջոցներով գյուղի գազաֆիկացմանը

Սաղամո գյուղի բնակիչները սեփական ջանքերով և SJGC գազամատակարարող ընկերության օգնությամբ սկսել են Գանձա գյուղից գազատար խողովակների անցկացումը դեպի Սաղամո գյուղ:

Բնակիչները պատմեցին, որ 3կմ երկարությամբ գազատար խողովակների անցկացման աշխատանքների համար անհրաժեշտ գումարի հավաքմանը մասնակցել են գյուղի բոլոր բնակիչները: Հետագայում գազը բնակիչների տները հասցնելու աշխատանքները պետք է իրականացնի SJGC ընկերությունը:

Ներկայումս ընթանում են հողի փորման և գազատար խողովակների տեղադրման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Սաղամո գյուղը գազաֆիկացված չէ, չնայած այն հանգամանքին, որ հարևան Գանձա գյուղը վաղուց օգտվում է բնական գազից:

Բանն այն է, որ պետությունը չի ֆինանսավորել Սաղամո գյուղը գազաֆիկացնելու այս նախագիծը: SJGC ընկերության հաշվարկով Սաղամո գյուղի յուրաքանչյուր ընտանիք գազից օգտվելու համար պետք է ծախսի մինչև 2000 լարի գումար:

«Ամսական մենք բալոններով գազ ձեռք բերելու համար ծախսում ենք 80-100 լարի գումար, իսկ բնական գազ ունենալուց հետո, ես կարծում եմ, որ մեր գազի ծախսերը անհամեմատ կքչանան, և ամենակարևորը` կսկսենք հարմարավետ ապրել»,- նշեց Սաղամո գյուղի բնակիչ Հրաչ Թանգամյանը:

Բնակիչները նշեցին, որ իրենց գյուղի գազի հարցը լուծելու հարցում օգնել է խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ով համաձայնություն է ձեռք բերել գազամատակարարող ընկերության հետ և աջակցել, որպեսզի Սաղամո գյուղի բնակիչները կարողանան սեփական միջոցներով գազաֆիկացում իրականացնել, քանի որ SJGC ընկերությունը իրավունք չուներ գյուղացիների միջոցներով կյանքի կոչել գյուղի գազաֆիկացումը:

Սաղամո գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1986 մետր բարձրության վրա: Գյուղում ապրում է 40 ընտանիք:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting