Փոքր Արագյալի դպրոցի յուրօրինակ կաթսայատունը շփոթմունքի մեջ է գցել դպրոցի տնօրինությանը

Փոքր Արագյալի դպրոցի  յուրօրինակ կաթսայատունը շփոթմունքի մեջ է գցել դպրոցի տնօրինությանը

Փոքր Արագյալ գյուղի դպրոցն այսուհետև կջեռուցվի գազով` շնորհիվ կենտրոնական ջեռուցման համակարգի: Հատկանշականը այն է, որ դպրոցի կաթսայատունը գտնվում է ոչ թե հատուկ շինության մեջ, այլ` բաց երկնքի տակ:

Ցանկանալով տեղեկանալ նոր տեխնոլոգիային` մենք ուղևորվեցինք Փոքր Արագյալ գյուղ: Մեր առաջ բացվեց հետաքրքիր տեսարան: Դպրոցից 30 մետր հեռավորության վրա գտնվում էին գազի կաթսաները` բաց երկնքի տակ և առանց որևէ ծածկի:

Մանրամասներին տեղեկանալու համար մենք դիմեցինք դպրոցի տնօրեն Կորյուն Բասենցյանին, ով մեզ պատմեց, որ Վրաստանի ենթակառուցվածքների զարգացման շրջանակներում նախատեսված է նմանատիպ նախագիծ դպրոցի ջեռուցման համար, սակայն դրա հետ դպրոցի տնօրինությունը համաձայն չէ: Տնօրենի խոսքով` կաթսաները դրսում են և երեխաներից պաշտպանված չեն: Նա նաև նշեց, որ ինքը խոսել է շինաշխատանքները իրականավնող “Պրեմիերա” ընկերության շինաշխատողների հետ և իր իր անհանգստությունն է հայտնել, որ մեկ օրում համակարգը կարող է շարքից դուրս գալ անձրևի, ձյան և սառնամանիքի պայմաններում: Շինաշխատոցները պատասխանել են, որ իրենք ամեն ինչ արել են ըստ նախագծի: Այժմ դպրոցի ղեկավարությունը իր ջանքերով որոշել է փակել կաթսաները` դրանց գտնվելու վայրում կառուցելով կաթսայատուն:


Նշենք, որ դպրոցի ջեռուցման համակարգ անցկացնելու համար հայտարարվել էր մրցույթ դպրոցի բյուջեից 46 559 լարիի դիմաց: Մրցույթը կայացել էր spa.ge կայքում, իսկ մասնակից կազմակերպություններն էին եղել “Պրեմիերա”, “Ինտեր” և “Արման” ընկերությունները: Արդյունքում մրցույթում հաղթել էր “Պրեմիերա” շինկազմակերպությունը 41 000 լարիի դիմաց: Այդ գումարով ընկերությունը պետք է դպրոցում անցկացներ ջեռուցում, ջրագիծ և կառուցեր սանհանգույց:

Մենք կապ հաստատեցինք Ենթակառուցվածքների գործակալության շինարարական ոլորտի փոխտնօրեն Գեորգի Թինաձեի հետ, ով պատասխանեց, որ ստեղծված է մոնիթորինգային հատուկ խումբ և աշխատանքների անհամապատասխանության դեպքում նախագիծը չի ընդունվի մինչև շինընկերությունը չվերացնիի թույլ տրված թերությունները:

“Պրեմիերա” կազմակերպության աշխատակից Գեորգի Արչվաձեն էլ նշեց, որ աշխատանքների 80 տոկոսը ավարտված է, մնացել է միայն սանհանգույցի կառուցումը: Այն հարցին, թե ինչու են կաթսաները բաց երկնքի տակ, Արչվաձեն պատասխանեց, որ բոլոր աշխատանքները համապատասխանեցված են եվրոպական չափանիշներին: Արչվաձեն նշել է, որ ինքը ժամանելու է գյուղ, և այդ ժամանակ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները:

Փոքր Արագյալ գյուղի դպրոցը իննամյա է, որտեղ սովորում են 34 աշակերտներ: Դպրոցում կա ընդամենը 9 դասասենյակ, չկա սանհանգույց և մարզադահլիճ: Թե ինչ զարգացումներ կունենան նոր ջեռուցման համակարգի հետ կապված հարցերը, Նոր ռադիոն կտեղեկացնի այդ մասին իր հետագա նյութերում:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting