
Օրերս Մոսկվայի Օկտյաբրսկի շրջանում մայթին հանկարծակի ընկել է 15-ամյա տղա։ Նրա մոտ զարգացել է անաֆիլակտիկ շոկ։ Պատահական անցորդների թվում եղել է երիտասարդ աղջիկ՝ ծնունդով Ախալքալաքից սրտանոթային վիրաբույժ Արմինե Արմենի Նիկողոսյանը, ով առանց սպասելու շտապօգնության ժամանմանը՝ անմիջապես սկսել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։
Բժշկի արագ և ճիշտ գործողությունները փրկել են դեռահասի կյանքը։
Տղայի դեմքը սկսել է ուռչել, առաջացել է սուլոցով շնչառություն, մաշկը գունատված է եղել։ Բժիշկը հանգիստ և վստահ մոտեցել է, արագ գնահատել վիճակը և տվել անհրաժեշտ ցուցումները։
Նա պատանուն պառկեցրել է անվտանգ դիրքով, ապահովել շնչուղիների անցանելիությունը և կատարել ադրենալինի ներմկանային ներարկում։ Մինչ այդ ականատեսներից մեկը զանգահարել է շտապօգնություն։
Այս պատմության մասին NOR-ին պատմում է Աննան, ով նույնպես Ախալքալաքից է և արդեն շուրջ 20 տարի ապրում է Մոսկվայում։
«Ես ուզում եմ, որ բոլորը իմանան նրա մասին։ Ես նույնպես Ախալքալաքից եմ և շատ հպարտ եմ, որ հենց իմ քաղաքից է այսպիսի խելացի ու բարեսիրտ մարդը», – նշում է նա։
Աննան պատմում է նաև, որ դեպքից հետո հետաքրքրվել է բժշկի աշխատանքով և իմացել, որ Արմինե Նիկողոսյանը բնակվում է նույն շրջանում։ Նրա խոսքով՝ ծանոթների միջոցով կարողացել է կապ հաստատել բժշկի հետ։

