
Վրաստանի կրթության նախարարությունը դպրոցականների համազգեստների կարման համար պայմանագիր է կնքել չինական «Գլորի տեքստիլ ինդաստրիս» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը Վրաստանում գրանցվել է 2026 թվականի մարտի 10-ին, տնօրենը Լիու Քսիաոլինն է։ Ըստ հանրային ռեգիստրի` Քսիաոլինը նաև ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է։ Պայմանագիրը կնքվել է ուղղակի բանակցությունների (մեկ անձից գնման) միջոցով։
«2026–2027 ուսումնական տարվա համար հանրային դպրոցների տարրական դասարանների աշակերտների համազգեստները Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն ձեռք կբերի «Գլորի տեքստիլ ինդաստրիս» ՍՊԸ ընկերությունից։
Ընկերության հետ կնքված պայմանագիրը նախատեսում է 1 մլն 801 հազար միավոր դպրոցական համազգեստի կարում։
«Գլորի տեքստիլ ինդաստրիս» ընկերության կարի արտադրամասը գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Դպրոցներին համազգեստների մատակարարման գործընթացը կիրականացվի երեք փուլով, և բոլոր փուլերը կընթանան օրենսդրության պահանջների լիակատար պահպանմամբ ու թափանցիկության սկզբունքներին համապատասխան։
2026-2027 ուսումնական տարվանից տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը դառնում է պարտադիր։
Նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստների ժամանակին ապահովման նպատակով, Վրաստանի կառավարության կարգադրությամբ, «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ին տրվել է պարզեցված ընթացակարգով (առանց մրցույթի) գնումներ իրականացնելու լիազորություն»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Պետական գնումների գործակալության կայքում համապատասխան պայմանագիրը դեռևս վերբեռնված չէ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45.6 միլիոն լարի։
Առաջին փուլը ներառում է 301 հազար միավոր մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը, երկրորդը՝ 600 հազար միավոր մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ երրորդը՝ 900 հազար միավոր մինչև նոյեմբերի 30-ը։

