Ինչ ֆինանսական միջոցներով կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 5 գյուղերը

Ինչ ֆինանսական միջոցներով կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 5 գյուղերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի թեմի 5 գյուղում նախատեսվում է գազաֆիկացում, որի համար էլ Գորելովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Ժդանովական, Սամեբա գյուղի բնակիչները հավաքում են գումար։

Այսօր՝ հունիսի 26-ին, կապ հաստատեցինք Գորելովկայի գյուղական համայնքի գյուղապետ Մնացական Բաբաջանյանի հետ՝ պարզելու, թե բնակիչների հետ եղել են քննարկումներ, թե ոչ, համաձայն են, թե ոչ, և ի՞նչ փուլում են գտնվում քննարկումները, որքան գումար են բնակիչները նախատեսում վճարել գազ ունենալու համար, և արդյո՞ք քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի համայնքին։

«Բնակիչների հետ քննարկումներ եղել են, ընդհանուր բնակչության մեծամասնությունն իրենց համաձայնությունը տվել է։ 30 տոկոսը բնակիչները պետք է ֆինանսավորեն, իսկ 70 տոկոսը՝ գազկոմպանիան։ Քաղաքապետարանը չի աջակցի, քանի որ սա սեփական բիզնես է, աշխատանքներն էլ հնարավոր է սկսվեն վաղվանից։ Առաջին փուլը՝ Ժդանովական, Օրլովկա, Եֆրեմովկա գյուղերում, հավաքվել է գումարի 30 տոկոսի չափով, Գորելովկայում այսօր են հավաքում։ Երբ որ գումարի 50 տոկոսի չափով կփոխանցենք, այդ ժամանակ էլ աշխատանքները կսկսվեն։ Յուրաքանչյուր բաժանորդի բաժին է ընկնում 2300 լարի, իսկ հաշվիչների համար՝ 400 լարի։ Ընդհանուր 516 բաժանորդի համար գումարը նույնն է»,- ասաց Մնացական Բաբաջանյանը։

NOR ռադիոկայանի տեղեկություններով՝ որոշ բնակիչներ հրաժարվում են գազաֆիկացումից, քանի որ բնակվում են ֆոնդին պատկանող տներում։

Նշենք, որ երկար տարիներ է Գորելովկայի գյուղական համայնքում գազաֆիկացման շուրջ տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ։ Դրանցից ուշագրավը այն է, երբ քաղաքապետարանը հատկացրել էր 600 հազար լարի՝ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման համար, որը այդպես էլ իրականություն չդարձավ։ Մանրամասները՝ ստորև տեղադրված արխիվից։

Ի՞նչ եղավ 600 հազար լաին․ Քաղաքապետարանում տեղյակ չեն