
Կառավարության նոր որոշման համաձայն՝ հանրային սննդի հաստատությունների կողմից միանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի օգտագործման արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Նշենք, որ կառավարության նախորդ որոշման համաձայն՝ հանրային սննդի հաստատությունների կողմից սպառողներին միանգամյա օգտագործման պլաստիկե սննդի տարաների և բաժակների միջոցով պատրաստի սննդի մատակարարումը պետք է արգելվեր այսօրվանից, այսինքն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից: Նախատեսվում էր նաև այսօրվանից արգելել հանրային սննդի հաստատությունների կողմից սպառողներին պլաստիկե շշերով խմիչքների մատակարարումը: Հատկանշական է, որ այս փոփոխությունը կվերաբերի նաև հացաբուլկեղենի և գինեգործարանների:
Փոփոխություն է կատարվել Վրաստանի կառավարության 2026 թվականի մարտի 12-ի «Սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկից պատրաստված որոշակի արտադրանքի արտադրության, ներմուծման և շուկայում տեղաբաշխման արգելքի մասին» թիվ 106 որոշման մեջ:
Փոփոխության համաձայն՝ հանրային սննդի հաստատություններում սպառողներին պլաստիկե շշերով խմիչքներ մատուցելու արգելքի ժամկետը հետաձգվել է չորս տարով: «Նոր վերջնաժամկետը սահմանվել է 2031 թվականի փետրվարի 1-ը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և այլ շահագրգիռ կողմերի հետ լրացուցիչ խորհրդակցությունների հիման վրա։

