
Ռուսաստանից ժամանած ռուֆերներ՝ 33-ամյա Անգելա Նիկոլաուն և 32-ամյա Իվան Բիրկուսը, հուլիսի 1-ին առանց թույլտվության բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի գագաթ։
443 մետր բարձրության վրա նրանք ամրացրել են «Երբ սիրո ուժն ավելի ուժեղ է դառնում, քան իշխանության հանդեպ սերը, աշխարհում խաղաղություն է հաստատվում» գրությամբ պաստառը, որից հետո Իվան Բիրկուսը ծնկի է իջել և ամուսնության առաջարկ արել Անգելա Նիկոլաուին։ Զույգը կատարվածի լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել է Instagram-ի իր էջերում։
Իջնելուց հետո զույգին ձերբակալել է Նյու Յորքի ոստիկանությունը։
ԱՄՆ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուֆերներին կարող են մեղադրանքներ առաջադրվել ապօրինի մուտք գործելու, անվտանգության կանոնները խախտելու, գույքը վնասելու, մասնավոր տարածք ապօրինի մուտք գործելու, սարքավորումների աշխատանքին չարտոնված միջամտելու և հասարակական կարգը խախտելու հոդվածներով։

