
Հուլիսի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ավանդական դարձած պոեզիայի օրը։ Այս տարի այն թվով 59-րդն էր։
Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին կիրակին նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա անկրկնելի պոեզիային:

Առավոտից մարդաշատ էր Գանձա գյուղը: Գալիս էին հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից և Հայաստանից։
Տերյանական պոեզիայի ավանդական օրն սկսվեց 1840-ական թվականների, Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգոր քահանայի ղեկավարությամբ և հովանավորությամբ կառուցված Սբ. Կարապետ եկեղեցում Սրբազան Պատարագով, որը մատուցեց Գանձայի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը։ Այնուհետև հյուրերն այցելեցին հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ ։
Կեսօրին սկսվեց տերյանական հանդիսությունը, որի բացումը կատարեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։

Խոսքով հանդես եկան «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Արուշան Հակոբյանը և Ջավախքին աջակցություն հիմնադրամի տնօրեն Էմիլիա Լալազարյան։


Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի կողմից։
Տերյանական պոեզիայի օրվան նվիրված տոնահանդեսին երաժշտական, պարային և բանաստեղծական ելույթներով հանդես եկան ոչ միայն Նինոծմինդայի, այլև Գանձայի և շրջակա գյուղերից ժամանած երգի-պարի համույթներ և անհատ կատարողներ:
Տեսանյութ՝






