Նոր մարզասրահը հետագա հնարավոր հաջողությունների սկիզբ

Նոր մարզասրահը հետագա հնարավոր հաջողությունների սկիզբ

Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզի համար նախատեսված շինության նկուղային հարկում անցկացվել է վերանորոգում, որտեղ 40 երեխաներ այսուհետև մարզվելու են W.K.F. Դո կարատեով և այլ մարտարվեստով:

Մարզիչ Մաքսիմ Արզումանյանի խոսքով՝ նոր մարզասրահը նոր հնարավորություններ է ընձեռելու մարզիկներին: Նա հույս ունի, որ այս նոր մարզասրահում մարզվելով մարզիկները մեծ ասպարեզ դուրս կգան:

“Այստեղ երեխաները զբաղվելու են ոչ միայն կարատեով, այլ այս վայրը ծառայելու է որպես մանկական մարտարվեստի դպրոց, ուր հաճախելու են Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեխաները: Այս ամենով հանդերձ ես կուզենայի, որ մեր մունիցիպալիտետում սպորտը զարգացած լինի”,- նշեց մարզիչ Մաքսիմ Արզումանյանը:

Նոր մարզասրահում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այդ ամենը կատարվել է շնորհիվ մարզիչ Մաքսիմ Արզումանյանի ջանքերի, ով չի խնայել իր սեփական դրամական միջոցները: Նրան այդ հարցում օգնել են նաև Թորգոմ Մղդեսյանը, Հովհաննես Գորոյանը և Արտյոմ Վարդանյանը: Նոր մարզասրահում ֆինանսների սղության պատճառով դեռևս պատրաստ չէ տրենաժորի սենյակը, որը նախատեսվում է կարգի բերել հաջորդ տարի:

Նշված մունիցիպալ շինությունը Մաքսիմ Արզումանյանը վարձակալում է 10 տարի ժամկետով:

Բորիս Ղարսլյան