Վրաց Ուղղափառ եկեղեցին նոյեմբերի 23-ին նշում է Սուրբ Գևորգի տոնը` «Գիորգոբան»։
Տոնի առիթով Վրաստանի բոլոր եկեղեցիներում տոնական կարգ է մատուցվելու։
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Գևորգ զորավարը ծնվել ու ապրել է (2-րդ դարի վերջում և 3-րդ դարի սկզբում) Հռոմեական կայսրության Կապադովկիա նահանգում, հայտնի ընտանիքում։
Զինվորական բարձր ունակությունների շնորհիվ դաձել է Կապադովկիայի իշխան-սպարապետ, սակայն Քրիստոնեություն ընդունելով՝ անարգանքների ու տանջանքների է ենթարկվել։
Հռոմի Դիոկղետիանոս կայսրը պահանջել է հրաժարվել հավատից, նրան բանտ է նետել, կապել անիվներին։ Դիմանալով բոլոր հալածանքներին՝ զորավարը հետ չի կանգնել Քրիստոնեությունից, ինչի համար կայսեր հրամանով գլխատվել է։
Սուրբ Գևորգը դարձել է քաջության խորհրդանիշը, ամենասիրված սրբերից մեկը, որ համարվում է վրաց ազգի ապաշտպանը։
Վրաց Ուղղափառ եկեղեցին տարվա ընթացքում տոնը նշում է երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր) և մայիսի 6-ին (գլխատման օր)։
Հատկանշական է, որ նոյեմբերի 23-ը նշվում է նաև իբրև Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ Սբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարի օր։ Հավլաբարի բարձրունքում կառուցված տաճարը օծվել է 2004թ․-ի նոյեմբերի 23-ին։
Հիշեցնենք՝ Սամեբան գտնվում է հին հայկական գերեզմանատան` Խոջիվանքի տեղում, որը 1930-ական թվականներին քանդվել է Բերիայի հրամանով։ ԽՍՀՄ տարիներին այստեղ հանրային այգի էր: