2026-2030թթ․ նոր ռազմավարությամբ մեքենաներում հետևի նստատեղերում ամրագոտիների կիրառումը դառնալու է պարտադիր

2026-2030թթ․ նոր ռազմավարությամբ մեքենաներում հետևի նստատեղերում ամրագոտիների կիրառումը դառնալու է պարտադիր

Ճանապարհային երթևեկության անվտանգության 2026–2030 թվականների ազգային ռազմավարության մեջ նշվում է, որ ավտոմեքենայի հետևի նստատեղերում ամրագոտիների կիրառումը կդառնա պարտադիր։

Ճանապարհային անվտանգության ապահովման նոր ռազմավարության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել ավտոմեքենաների հետևի նստատեղերում ամրագոտիների կիրառման կարևորությանը։

Ըստ մշակված ռազմավարության՝ նախատեսվում է պատրաստել համապատասխան օրենսդրական հենք, որը կկարգավորի հետևի նստատեղերի ուղևորների կողմից ամրագոտիների պարտադիր օգտագործումը:

Ճանապարհային անվտանգության ժամանակակից համատեքստում ամրագոտիների կիրառումը համարվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ելքերն ու ծանր վնասվածքները կանխող հիմնական գործիքներից մեկը:

Միևնույն ժամանակ, համաձայն անցկացված հետազոտությունների, հետևի նստատեղերում ամրագոտիների օգտագործումն առանցքային դեր է խաղում ինչպես հենց այդ ուղևորների, այնպես էլ առջևի նստատեղերում գտնվող անձանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու գործում (Bose et al., 2013)։

Այսպիսով, հատուկ նշանակություն է ստանում ավտոմեքենայի հետևի նստատեղերում ամրագոտիների պարտադիր կիրառման ներդրումը և այդ հարցի համապատասխան իրավական կարգավորումը։

Բացի այդ, հասարակության մեջ ամրագոտիների օգտագործման բարձր մշակույթ ձևավորելու և դրանց կիրառման կայուն մակարդակ ապահովելու համար պետությունը պետք է ձեռնարկի համալիր միջոցառումներ։

«Սրանով պայմանավորված նախատեսվում է, մի կողմից, ձևավորել վերոնշյալ հարցի վերաբերյալ համապատասխան նորմատիվ-իրավական բազա և ապահովել դրա կիրառման արդյունավետ կառուցակարգ, իսկ մյուս կողմից՝ գործնականում իրականացնել թիրախային սոցիալական արշավներ և կրթական նախաձեռնություններ, որոնք կնպաստեն բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը», — ասվում է Ճանապարհային երթևեկության անվտանգության 2026–2030 թվականների ազգային ռազմավարության մեջ։

1tv.ge