Փոկայում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար մրցույթ է հայտարարվել

Փոկայում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար մրցույթ է հայտարարվել

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում՝ Սուրբ Նինոյի անվան կուսանաց վանքի հարակից տարածքում, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար մրցույթ է հայտարարել։

Նախարարության տեղեկացմամբ՝ մրցույթը նախատեսում է նախագծային փաստաթղթերի պատրաստում, իսկ այնուհետև, նշված փաստաթղթերի հիման վրա, վերակառուցման-վերականգնման աշխատանքների իրականացում։

«Նախագիծը ներառում է Փարավանի լճի ափին գտնվող բացօթյա մկրտարանի և դրան մոտենալու ենթակառուցվածքների վերականգնումը, Փարավան գետի ակունքի կառույցի և հարակից տարածքի բարեկարգումը, գոյություն ունեցող կամրջի վերակառուցումը, սանիտարական հանգույցների թարմացումը, ինչպես նաև վանքի տարածքում ավտոճանապարհի և հետիոտնային ուղիների կառուցում-վերականգնումը։

Նախագծի շրջանակներում կկարգավորվի գոյություն ունեցող ավտոկայանատեղին, կվերականգնվեն տաճարի բակի և պարսպի վնասված հատվածները, կթարմացվի արտաքին լուսավորության և էլեկտրամատակարարման ցանցը։ Նաև կկառուցվի բազմաֆունկցիոնալ կրթական կենտրոն, կկարգավորվեն վանքի տարածքում գտնվող շենքերը և ջրամատակարարման համակարգը։

Փոկայի Սուրբ Նինոյի անվան տաճարը ազգային նշանակության մշակութային ժառանգության անշարժ հուշարձան է։ Հետևաբար, այցելուների և ուխտավորների համար նախատեսված ենթակառուցվածքների կառուցումը կիրականացվի մշակութային ժառանգության պահպանման գոտու համար սահմանված պահանջների և կանոնակարգերի պահպանմամբ։

Նախագծի իրականացումը կնպաստի Փոկայում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, այցելուների և ուխտավորների համար համապատասխան պայմանների ստեղծմանը և տարածքի պատմամշակութային նշանակության պահպանմանը», – նշված է տեղեկատվության մեջ։

1tv.ge