«Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

«Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Վտանգավոր գործոնների նվազման դեպքում «Կազբեգի» մաքսային անցակետը կշարունակի աշխատանքը սովորական ռեժիմով՝ լրիվ ծանրաբեռնվածությամբ, հայտնել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ Դևդորակիի կիրճում տեղադրված տագնապի համակարգի ակտիվացման պատճառով «Կազբեգի» մաքսային անցակետում դադարեցված են բոլոր տեսակի մաքսային հսկողության ընթացակարգերը։

Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, նաև նշված մաքսային անցակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվացել է Դևդորակիի կիրճում տեղադրված տագնապի համակարգը, ինչի արդյունքում բարձր ճշգրտության համակարգն անհապաղ տագնապի ազդանշան է փոխանցել «Կազբեգի» մաքսային անցակետին։

Անվտանգության ապահովման նպատակով, համապատասխան պետական գերատեսչությունների հետ համակարգված աշխատանքի արդյունքում, նշված մաքսային անցակետի աշխատակիցները, նաև տեղում գտնվող Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության և սահմանապահ ոստիկանության բոլոր ներկայացուցիչները, տարբեր ընկերությունների աշխատակիցները, բեռնատար/մարդատար ավտոմեքենաները, դրանց վարորդներն ու ուղևորները տեղափոխվել են պաշտպանված/անվտանգ տարածք։

Կրկին պարզաբանում ենք, որ «Կազբեգի» մաքսային անցակետում դադարեցված են բոլոր տեսակի մաքսային հսկողության ընթացակարգերը։ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, նաև նշված մաքսային անցակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել։

Վտանգավոր գործոնների նվազման դեպքում «Կազբեգի» մաքսային անցակետը կշարունակի աշխատանքը սովորական ռեժիմով՝ լրիվ ծանրաբեռնվածությամբ։ Համապատասխանաբար, ուղևորների և բեռների թողունակությունը կիրականացվի անխափան», — նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Դևդորակիում տեղադրված վաղ ահազանգման համակարգից, որը հոսքի նվազագույն բարձրացման դեպքում արձանագրում է փոփոխությունը, ստացվել է ազդանշանային հաղորդագրություն, ինչի պատճառով «Դարիալի» սահմանային անցակետից տեղում գտնվող քաղաքացիների, նաև անցակետում աշխատող պարեկային ոստիկանության և մաքսային ծառայության աշխատակիցների տարհանում է իրականացվել անվտանգ վայր։