Հրդեհ Բաթումիում, մահացել է 11 մարդ

Հրդեհ Բաթումիում, մահացել է 11 մարդ

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Բաթումիում հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իրանի: Հոսպիտալացվել է 21 մարդ:

«Նախնական բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 3 պացիենտ արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից, մնացածները գտնվում են Բաթումիի տարբեր կլինիկաներում: Վիրավորվածների թվում կա ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության 1 հրշեջ-փրկարար»,- ասվում է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին, շուտափույթ առողջություն մաղթել տուժածներին ու հույս հայտնել, որ հետաքննությունը շուտով կպարզի հրդեհի պատճառները։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով:

«Լեոգրանդ» հյուրանոցը Բաթումիի ամենամեծ հյուրանոցներից մեկն է, որը բացվել է 2015 թվականին։

www.aliq.ge