Նինոծմինդայի մունիցիպալիտետի գլխավոր ճանապարհներին, ինչպես որ ընդունված է այլ տեղերում ևս, ձմռան եղանակին մերկասառույցի առկայության դեպքում ավազ են շաղ տալիս:
Նոյեմբերի 23-ին վարորդների մեծ մասը բողոքում էին, որ շաղ տրված ավազը շատ խոշոր է, իսկ որոշ տեղերում հսկայական քարեր են ընկած, որը ավելորդ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար:
Ականատես վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ քարերի պատճառով նույնիսկ վնասել է իր մեքենան: Նա իր լուսանկարներն էր ուղարկել Նոր ռադիոյին, որտեղ հստակ երևում են ճանապարհին ընկած խոշոր քարերը և վնասված մեքենան:
Տուժող վարորդը նշեց, որ այդ քարերը վտանգավոր են նաև այն տեսանկյունից, որ կարող են ընկնել անվադողերի տակ և հարված հասցնել մեքենաների ապակիներին:
Մենք զրուցեցինք Գանձա գյուղից մեկ այլ վարորդի հետ, ով նշեց, որ ճանապարհներին շաղ տված խոշոր խճաքարերի պատճառով վնասել է իր մեքենայի ավտոմասերից մեկը:
Մունիցիպալիտետի ճանապարհներով երթևեկելիս մենք ևս հանդիպեցինք խոշոր քարերի, որոնք ընկած էին ճանապարհների երթևեկելի գոտիներում:
Ավազի փռման աշխատանքները իրականացնում է «Ջավախք Ավտոգզա» ընկերությունը: Մենք կապ հաստատեցինք վերջինիս տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ով խնդրի առնչությամբ նշեց, որ դրանք ոչ թե քարեր են, այլ խճաքարերի փոքր կտորներ:
լուսանկարը տրամադրել է տուժած վարորդը
լուսանկարը տրամադրել է տուժած վարորդը
Նոր ռադիոյի լուսանկարը
Բորիս Ղարսլյան