Նինոծմինդայի մունիցիպալիտետ տանող ճանապարհների ձնամաքրման աշխատանքների համար 2017թ. տեղական բյուջեով հատկացվել էր 140 000 լարի, սակայն ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ամբողջ գումարը ծախսվել է:
“Գումարը սպառվել է, սակայն անհրաժեշտության դեպքում Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը և սակրեբուլոն կլուծեն այդ հարցը և ճանապարհները կմաքրվեն՛՛,- մեզ հետ զրույցում նշեց սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, 2018թ. տեղական բյուջեի նախագծով նախատեսված է 131 000 լարի:
Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ պետական նշանակության Ախալքալաք-Նինոծմինդա-Բավրա և Նինոծմինդա-Ծալկա ճանապարհների ձնամաքրման աշխատանքները չեն վերաբերում մունիցիպալիտետին:
Ներկայումս մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները բաց են և ձնամաքրման աշխատանքների կարիք չի զգացվում: