
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սրացման դեպքում նավթի համաշխարհային գները կարող են գերազանցել մեկ բարելի դիմաց 120 դոլարը։ Այս մասին, վկայակոչելով Goldman Sachs-ի վերլուծությունը, հայտնում է CBS News-ը։
Ներկայում Brent տեսակի նավթի գինը մոտ է 100 դոլարին։ Երեքշաբթի այն կարճ ժամանակով հասել է 99,46 դոլարի, ապա նվազել մինչև 97,85 դոլար։ Վերջին երկու ամսում Brent-ի գինը մոտ 72 դոլարից բարձրացել է գրեթե 100 դոլարի։
Գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողություններով և Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների շուրջ անորոշությամբ։ Այս ջրային ուղով սովորաբար իրականացվում է համաշխարհային նավթային հոսքերի մոտ մեկ հինգերորդը։
Goldman Sachs-ի հիմնական սցենարով՝ մինչև տարեվերջ Brent-ի գինը կարող է նվազել մինչև 85 դոլար, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթինը՝ մոտ 80 դոլար։ Սակայն բանկի վերլուծաբանները զգուշացնում են, որ կարճաժամկետ հեռանկարում գների աճի ռիսկն ավելի մեծ է, քան նվազման հավանականությունը։
Մարտական գործողությունների և մատակարարումների խափանումների խորացման դեպքում Brent-ի գինը կարող է անցնել 120 դոլարի սահմանագիծը։
CBS News-ը նշում է նաև, որ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը, ամերիկացիները վառելիքի համար լրացուցիչ շուրջ 100 միլիարդ դոլար են ծախսել։ Դրանից մոտ 55 միլիարդը բաժին է ընկել բենզինի, իսկ 45 միլիարդը՝ դիզելային վառելիքի թանկացմանը։
Սեպտեմբերի 8-ի դրությամբ ԱՄՆ-ում սովորական բենզինի միջին գինը կազմել է 4,15 դոլար մեկ գալոնի դիմաց, իսկ դիզելային վառելիքի գինը հասել է 5,90 դոլարի։
Goldman Sachs-ի գնահատմամբ՝ շուկաներն արդեն ավելի երկարատև հակամարտության հավանականություն են հաշվի առնում։ Ըստ բանկի՝ շուկայական գործիքները ներկայում մոտ 25 տոկոս հավանականություն են ենթադրում, որ Brent-ի գինը 2027 թվականի մարտին ևս կպահպանվի 100 դոլարից բարձր մակարդակում։

