Վրաստանի վրա գազային ճնշումներ գործադրելու Ադրբեջանի փորձերը հակառակ ազդեցություն կունենան։ հունվարի 19-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին։
Ըստ նրա՝ վրացական կողմը եւս գիտակցում է, որ Ադրբեջանից էներգետիկական կախումը ձեռնտու չէ; Գազի գները քննարկվել էին նաեւ Իվանիշվիլիի Բաքու կատարած այցի ընթացքում։
«Այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Վրաստանի համար էլ ավելի նվազեցնել գազի սակագները», – նշել է Մելիքյանը եւ հավելել. «Բայց այդ հայտարարությունների պոպուլիստական նպատակները միանգամայն հստակ տեսանելի են։ Եթե Ադրբեջանը շանտաժի լեզվով խոսի, հարաբերությունները կարող են ավելի վատանալ։ Հավասարակշռված քաղաքական ուղին շատ բարդ է։ Բայց տվյալ ուղղությամբ քայլերը դրական միտում են, եւ այդ ուղղությամբ մենք վրացական կողմի հետ աշխատելու լավ հնարավորություն ունենք»:
Նրա խոսքով՝ վրացական կողմի հետ երկխոսությունը կարող է ներառել նաեւ Հայոց ցեղասպանության հարցը, որը արդեն քանի տարի առաջադրում են վրացական ՀԿ-ները,մասնավորապես՝ «Իրակլի Երկրորդի ընկերակցությունը»։ Դիտարկմանը, թե այս կազմակերպությունը Վրաստանում դիտվում է որպես ռուսամետ նախագիծ, Մելիքյանը պատասխանեց, որ վերջին ամիսներին, ելնելով Վրաստանի ներքին քաղաքականության փոփոխություններից, այդ եւ մի քանի այլ կազմակերպությունների ազդեցությունն աճում է։
Հիշեցնենք, Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ 2008թ. հնգամյա համաձայնագրով Վրաստանին հետխորհրդային տարածքի երկրներից գազի ամենաշահավետ գինն առաջարկվեց. հասարակ սպառողների համար՝ 1000 խմ-ի համար 167 դոլար, ընկերությունների համար՝ 143 դոլար։NEWS.am