
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան ավելի սերտ ձևով միանա Եվրամիությանը, ԱՄՆ-ը կարող է Եվրոպայի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանել և որոշ ոլորտներում նույնիսկ դադարեցնել առևտուրը։
Նա նշել է, որ Կանադային Եվրամիության ասոցացված անդամ դարձնելը որոշ պայմաններում կարող է ԱՄՆ-ի նկատմամբ «թշնամական քայլ» համարվել։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր Կանադային դարձնել ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը։ Դա ենթադրում է Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցություն՝ առանց ԵՄ լիարժեք անդամ դառնալու։
Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ պատրաստվում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին այս հարցով կոնկրետ առաջարկ ներկայացնել։
Միաժամանակ Թրամփը նոր սահմանափակումներ է սահմանել հենց Կանադայի նկատմամբ։ ԱՄՆ նախագահն արգելել է կանադական ապրանքների օգտագործումը պետական գնումներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի ամերիկյան թղթակիցը՝ հղում անելով Սպիտակ տան հրապարակած հուշագրին։
«Նախագահ Թրամփը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Կանադան պատասխանատվություն կրի ամերիկյան ապրանքների նկատմամբ շարունակվող անհիմն և խտրական վերաբերմունքի համար»,- ասվում է փաստաթղթում։
Թրամփը պետական կառույցներին հանձնարարել է պարզել, թե պետական գնումների շրջանակում որ ապրանքներն են կանադական ծագման, և բացառել դրանց գնումը։
ԱՄՆ առևտրային ներկայացուցչին էլ հանձնարարվել է հետևել, թե ինչ պայմաններով են ամերիկյան ապրանքները մուտք գործում Կանադայի շուկա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դաշնային քաղաքացիական կառույցները տարեկան մոտ 50 մլրդ դոլարի կանադական ապրանք են գնում։
Կանադայի հետ առևտրային տարաձայնությունների ֆոնին Թրամփը նաև հայտարարել է, որ այդ երկրի իշխանությունների հետ բանակցություններն իր համար ամենաբարդերից են։

