ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցման մի շարք մանրամասներ։
Վահան Մարտիրոսյանն ընդգծել է Հայաստանի համար այդ ճանապարհի կարեւորագույն նշանակությունը եւ հույս հայտնել, որ մինչեւ թունելի կառուցումը, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներին։
Զուրաբ Ալավիձեն հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան կառույցները ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում են արտակարգ ռեժիմով:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ չեզոք գոտու ավտոճանապարհի երթեւեկելի մասի լայնացման շինարարական աշխատանքներին եւ Վրաստանը Հայաստանին կապող ճանապարհի արդիականացմանն առնչվող հարցեր: