2018թ.-ից մանկապարտեզներում գործելու է վրաց լեզվի ուսուցման նոր մեթոդիկա

2018թ.-ից մանկապարտեզներում  գործելու է վրաց լեզվի ուսուցման նոր մեթոդիկա

Նինոծմինդայի քաղաքապետարանում օրերս կայացավ տեղեկատվական հանդիպում Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզների մենեջերների և ԵԱՀԿ ներկայացուցչի միջև:

2018թ. ԵԱՀԿ-ն Վրաստանի Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ սկսելու են
«Ոչ վրացախոս շրջանների մանկապարտեզներում պետական լեզվի ուսուցումը» պիլոտային նախագիծը:

Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանի խոսքով` տվյալ նախագծի շրջանակներում ընտրվելու են 6 մանկապարտեզ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի շրջաններից: Նրա խոսքով` եթե Սամցխե-Ջավախքի շրջանից ծրագրի մեջ ընդգրկվի գոնե մեկ մանկապարտեզ, ապա այդ նոր մեթոդը և նյութերը կկիրառեն շրջանի բոլոր մյուս մանկապարտեզներում:

Ներկայումս մունիցիպալիտետի յուրաքանչյուր մանկապարտեզ ունի լեզվի ուսուցման իր մեթոդը: Մանկապարտեզները հիմնականում գրականության պակաս ունեն, մասնավորապես հեքիաթների գրքերի պակաս: Այդ բացը լրացնում են համացանցից հեքիաթներ ներքաշելու և դրանք սև-սպիտակի վրա տպելու միջոցով: Նարինե Գինոսյանի խոսքով` եթե այդ հեքիաթները լինեն գունավոր գրքերի տեսքով, ապա էլ ավելի տպավորիչ կլինեն երեխաների համար, քանի որ նրանք կենտրոնանում են նկարների վրա:

Այս պիլոտային ծրագրի շրջանակներում մշակվելու են վրաց լեզվի ուսուցման նոր մեթոդներ, վերապատրաստվելեւ են մանկավարժներ, կազմակերպվելու են թրենինգներ մանկապարտեզների մենեջերների համար:

Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախադպրոցական կրթությունն իրականացվում է երկու լեզվով, իսկ որոշ տեղերում` երեք լեզվով:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանի հետ.


Բորիս Ղարսլյան