
Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունները խաթարում են անվտանգությունն ու սպառնում առաջընթացին, ուստի դրանք պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը։
«Այս տարի մենք ականատես ենք լինում Պարսից ծոցի շրջանում հակամարտության, որն էլ ավելի է բարդացնում առանց այդ էլ ծանր իրավիճակը։ Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել շարունակվող ռազմական գործողություններով։ Միջազգային ջրային ուղիներով նավարկող առևտրային նավերի և նավաստիների վրա հարձակումները բացարձակապես անընդունելի են։ Հնդկաստանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, նվազեցնել լարվածությունը, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունն ու էներգակիրների և ապրանքների անխափան մատակարարումները»,- ասել է Ջայշանկարը։
Ինչպես նշել է Հնդկաստանի ԱԳ նախարարը, «ոչ պակաս մտահոգիչ է Ուկրաինայում հակամարտությունը, որը շարունակվում է արդեն հինգերորդ տարին»։
«Ինչպես հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին, պատերազմը պետք է իր տեղը զիջի խաղաղությանը։ Հնդկաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Միևնույն ժամանակ, հրատապ անհրաժեշտություն կա ապահովելու նավաստիների անվտանգությունը, ինչպես նաև հացահատիկի և էներգակիրների մատակարարումները,- ընդգծել է նախարարը։- Հնդկաստանը պատրաստ է անել հնարավորը իրավիճակը բարելավելու համար, հատկապես պարենային և էներգետիկ անվտանգության հարցերում»։
«Եթե աշխարհը մշտապես ենթարկվում է սպառնալիքների և ճնշումների, մենք փաստացի հայտնվում ենք անդունդի եզրին։ Ճակատագրական քայլից մեզ բաժանում է ընդամենը մեկ ակնթարթ։ Հետևաբար, չափազանց կարևոր է ամրապնդել կայունությունը, անվտանգությունն ու կանխատեսելիությունը։ Սրանք խաղաղության պահպանմանը նպաստող պայմանների կարևորագույն տարրերն են։ Եթե դրանցից թեկուզ մեկը խաթարվի, խաղաղությունն անխուսափելիորեն կթուլանա»,- նախազգուշացրել է Ջայշանկարը։
«Մենք ականատես ենք լինում ամեն ինչ հակամարտության գործիքի վերածելուն։ Հաստատվել է կոշտ մրցակցության հոգեբանություն, որը խաթարում է ինստիտուտներն ու ստեղծում «նեղ խցանումներ»։ Դա ներառում է ամեն ինչ՝ ֆինանսական ոլորտից մինչև շուկաներ հասանելիության սահմանափակում, մատակարարման շղթաների խափանում և տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակում»,- նշել է նա։

