
NOR ռադիոկայանի խմբագրությունը հյուրընկալել էր Աշուղ Ալիք Ջավախքին։ Հանդիպման առիթը նրա ստեղծագործական կյանքի կարևոր հոբելյանն էր: Այս տարի լրանում է 20 տարին, ինչ նա ձեռնադրվել է որպես աշուղ։
Զրույցի ընթացքում, սակայն, պարզ դարձավ, որ Աշուղ Ալիք Ջավախքի ստեղծագործական ճանապարհը սկսվել է դրանից շատ ավելի վաղ։ Նրա առաջին բանաստեղծություն-երգը «Իմ Ջիգրաշենն» է՝ նվիրված իր ծննդավայր գյուղին։ Իսկ երաժշտությամբ գրված առաջին երգը՝ «Կանչը քո, Ջավախք»-ն է։
Աշուղ Ալիք Ջավախքի գործունեության մասին խոսելիս հաճախ կարելի է օգտագործել «առաջին անգամ» արտահայտությունը, քանի որ նա Ջավախքում մի շարք մշակութային նախաձեռնություններ առաջինն է իրականացրել։
2000 թվականին նա ստեղծել է «Ջավախք» ժողովրդական երգի և պարի անսամբլը։ Նախաձեռնության կարևոր առանձնահատկությունն այն էր, որ անսամբլը մշտապես գործում էր։ Տարիների ընթացքում այստեղ ընդգրկված են եղել բազմաթիվ երեխաներ ու մասնակիցներ, որոնք երգել, պարել և նվագել են։
2002 թվականին, առաջին անգամ Ջավախքի պատմության մեջ, Աշուղ Ալիքը Գյումրիից հրավիրեց երաժիշտ Էդուարդ Պողոսյանին և հիմնադրեց քանոնի խմբակ։ Ութ երիտասարդ աղջիկներ սովորեցին քանոն նվագել, իսկ հետագայում նրանցից շատերը մասնակցեցին «Ջավախք» ժողովրդական երգի և պարի անսամբլի աշխատանքներին։
2003 թվականին արդեն ստեղծված անսամբլը առաջին անգամ մեկնեց Եվրոպա՝ մասնակցելու միջազգային փառատոնի։ Խումբը հանդես եկավ Հունգարիայում և Սլովենիայում։
«Ջավախք» ժողովրդական երգի և պարի անսամբլի ճանաչում ձեռք բերելուց հետո Աշուղ Ալիքը մտածեց, որ նմանատիպ համույթներ պետք է ստեղծվեն նաև Ջավախքի գյուղերում։ Նրա նախաձեռնությամբ ավելի քան 30 գյուղերում ստեղծվեցին երգի և պարի անսամբլներ։
Ինչպես նշում է Աշուղ Ալիք Ջավախքը, այդ աշխատանքը հեշտ չէր։ Այդ տարիներին գյուղեր հասնելն անգամ մեծ դժվարություն էր։ Խավեթ, Կարծախ, Ազավրեթ և այլ գյուղեր տանող ճանապարհները դժվարանցանելի էին։ Միայն Խավեթ հասնելու համար երբեմն երկու ժամ էր անհրաժեշտ։ Սակայն այդ դժվարությունները չխանգարեցին նրան՝ գյուղերում մշակութային խմբեր ստեղծելու նպատակին։
Ժամանակի հրամայականը դարձավ նաև այդ խմբերի համար միասնական հարթակ ստեղծելը։ Այդպես հիմնադրվեց «Ջավախքի գարուն» երգի և պարի մրցույթ-փառատոնը, որի նպատակն էր խմբերի միջև ստեղծագործական մրցակցությունը, առաջխաղացումն ու զարգացումը։
2008 թվականին անցկացվեց «Ջավախքի գարուն» փառատոնը, որն այս տարի անցկացվել է արդեն 16-րդ անգամ։ Դրանից հետո սկսվեց նաև այլ փառատոնների կազմակերպումը։ Աշուղ Ալիք Ջավախքը առաջին անգամ հիմնադրեց ասմունքի փառատոն, ազգային տարազի փառատոն, իսկ վերջերս Ջավախքում կարողացավ անցկացնել նաև երգի և պարի միջազգային փառատոն, որին ներկա էր նաև NOR ռադիոկայանի խմբագրությունը։
Աշուղ Ալիք Ջավախքի գործունեության կարևոր էջերից է նաև աշուղական դպրոցի ստեղծումը։ Նրա համար մեծ նշանակություն ունի այն օրը, երբ առաջին անգամ բացվեց Աշուղական դպրոցը։ Այսօր դպրոցն արդեն 17 տարեկան է։
Տարիների ընթացքում այստեղ սովորել են բազմաթիվ աշակերտներ։ Նրանցից մոտ 25-ը հետագայում ավարտել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ճանաչում ձեռք բերել որպես երգիչներ։ Աշուղը դժվարացավ նրանց անուններն առանձին-առանձին թվարկել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր յուրահատկությամբ առանձնահատուկ է։
Դպրոցում ստեղծվել է նաև աշուղական անսամբլ, որը կրում է «Ջիվանի» անունը։ Գործում է նաև դհոլի անսամբլ։ Վերջերս ստեղծվել են նաև դուդուկի և շվիի խմբակներ, որտեղ երեխաները սովորում են նվագել և երգել։
Սակայն Աշուղ Ալիք Ջավախքը չի սահմանափակվել միայն երաժշտությամբ։ Տեսնելով, որ Ախալքալաքում թատերական գործը կանգ է առնում՝ նա ձեռնամուխ է լինում նաև թատրոնի զարգացմանը։
Ախալքալաքի մշակույթի տանը նա բեմադրեց Արմեն Բայանդուրյանի «Աղջկաս փեսացուները» պիեսը։ Բեմադրությանը Հրավիրվել էր նաև Արմեն Բայանդուրյանը։ Դրանից հետո Ախալքալաքի թատրոնը, կրկին առաջին անգամ, իր ներկայացումներով հանդես եկավ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում։
Թատերական ներկայացումներով նրանք հանդես են եկել Երևանում, Գյումրիում, Նինոծմինդայում և Ախալքալաքում։
Վերջրս էլ NOR ռադիոկայանի խմբագրությունը ներկա էր Աշուղ Ալիք Ջավախքի կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» մանկական ներկայացմանը։ Միջոցառումն անցել էր բարձր մակարդակով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Թատերական ներկայացմանը ներկա էր նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Արկադի Սիմոնյանը, ով ելույթ ունեցավ հանդիսատեսի առաջ՝ բարձր գնահատելով ներկայացումը և աշուղի գործունեությունը։
Նա ընդգծեց, որ 4 տարեկան երեխային բեմ հանելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է թատերական գործունեության մեջ։ Ռեժիսորը նաև ափսոսանքով նշեց, որ ներկայացումը կարճ էր, ինչին հաջորդեցին հանդիսատեսի բուռն ծափահարությունները։
Նրա ջանքերով դեռևս 2011 թվականին ստեղծվել էր նաև մանկական թատրոն։ Այն մեծ շուքով ներկայացավ Երևանի «Նռան հատիկ» փառատոնին, որտեղ ժյուրիի անդամներից էր անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը։ Նա բարձր գնահատանքով է խոսել Աշուղ Ալիք Ջավախքի գործունեության մասին, իսկ հաջորդ տարվա հրավիրատոմսում արդեն գրված էր՝ «Ախալքալաքի Ալիք մանկական թատրոն»։
2006 թվականին Աշուղ Ալիք Ջավախքին շնորհվեց աշուղի կոչում։ Շատերը հպարտությամբ են նշում, որ իրենց Վարպետը եղել է Անդրանիկ Ուջանցին, որը եղել է Աշուղ Ալիքի ձեռնադրող աշուղը։
Քչերը գիտեն նաև, որ իր ոչ այնքան բարեկեցիկ ֆինանսական պայմաններում, երբ գումարն իրեն շատ ավելի էր անհրաժեշտ, նա ավելի քան 15 տարի շարունակ հովանավորել է իր հարազատ դպրոցի առաջին և ավարտական դասարանների աշակերտներին։
Աշուղ Ալիք Ջավախքը մասնագիտությամբ պատմաբան է։ Նա ավարտել է Բլագովեշչենսկի պատմական-մանկավարժական համալսարանը։ Միաժամանակ Բլագովեշչենսկում սովորելու տարիներին ավարտել է նաև օպերայի ստուդիան։
Նա ավելի քան 200 երգի հեղինակ է, պարգևատրվել է 50-ից ավելի մեդալներով և երեք շքանշաններով։ Նրան շնորհվել է Վրաստանի պարի դեսպան շքանշանը։ Թողարկել է հինգ տեսաերիզ, որոնք բոլորն էլ կրում են «Ջավախքի կանչը» խորագիրը։ Ունի նաև երկու երգարան և երկու վրացերեն երգ։ Այսօր էլ, երբ մտնում ես Աշուղի գրասենյակ, քեզ դիմավորում են նրա ձեռք բերած հուշանվերները, պատվոգրերն ու նվերները։
2000 թվականից մինչ այսօր Աշուղ Ալիք Ջավախքը ստացել է մոտ 300 դիպլոմ, 110 տարբեր տեսակի նվերներ, գավաթներ և մեդալներ։
Աշուղ Ալիքի երգերը կատարում են Երևանի «Սայաթ-Նովա» ժողովրդական երգի անսամբլը, Գյումրիի ժողովրդական գործիքների անսամբլը, ինչպես նաև երգիչներ Թովմաս Պողոսյանը, Մավր Մկրտչյանը և Աշուղի նրա սաները։
Վերջերս Երևանում տեղի ունեցած «Ջավախքի ձայները» փառատոնում 10 ֆինալիստներից 7-ը Աշուղ Ալիք Ջավախքի սաներն էին։
Ջավախք անսամբլը հանդես է եկել 12 երկրներում և տարբեր մրցույթներից մշտապես վերադարձել է հաղթանակներով։
Աշուղ Ալիք Ջավախքը ստեղծագործելու հրավերներ է ստացել Ռուսաստանից, Հայաստանից, Թբիլիսիից, սակայն միշտ ապրել և ստեղծագործել է Ախալքալաքում։
Ավելի քան 30 տարի է՝ նա իր երգերով գովերգում է Ջավախքը։ Ջավախքը նրա հայրենիքն է, նրա սերն ու ստեղծագործության գլխավոր թեման։
Նրա նպատակը հենց իր երգերի միջոցով է արտահայտված․ «Այնքան երգեր պիտի ասեմ այս մասին, որ աշխարհը լավ ճանաչի»։
Այսօր Աշուղ Ալիք Ջավախքի երգերը հնչում են նաև NOR ռադիոկայանի եթերում։ Իսկ ամենապահանջված երգերից մեկը «Ջավախքի գարունն» է, հայտնի երգչուհի Սիրանուշ Գալստյանի կատարմամբ։
Քչերը գիտեն նաև, որ Հայաստանում «Հայհամերգ» Արվեստի միջազգային կենտրոնի կողմից Վարպետին շնորհվել է «Արվեստի նվիրյալ» կոչումը։ Նա ունի նաև Վրաստանի վաստակավորի կոչում։
Վերջերս Վրաստանում տարբեր միջոցառումներին մասնակցության և կազմակերպչական գործունեության համար նրան շնորհվել է տարվա լավագույն կազմակերպչի կոչումը, ինչպես նաև «Տարվա լավագույն ոսկե աշուղ» կոչումը։
Վերջերս դիպլոմ է ստացել նաև վրացական եկեղեցու կողմից, որտեղ նշվել է, որ նա «քայլող լեգենդ» է։
Աշուղ Ալիք Ջավախքի համար այս ամենը, սակայն, պարզապես թվեր, մեդալներ, դիպլոմներ ու կոչումներ չեն։ Նրա պատմությունը տարիների աշխատանք է՝ երգի, պարի, թատրոնի, աշուղական արվեստի և, ամենակարևորը, Ջավախքի մշակութային կյանքի պահպանման ու զարգացման համար։
20 տարի է անցել այն օրվանից, երբ նա ձեռնադրվեց որպես աշուղ, սակայն նրա ստեղծագործական ճանապարհը շարունակվում է։ Եվ այդ ճանապարհի գլխավոր թեման շարունակում է մնալ նույնը՝ Ջավախքը։
Ջավախք, որը նա ոչ միայն երգում է, այլև տարիներ շարունակ փորձում է ներկայացնել աշխարհին՝ իր երգերով, իր աշակերտներով, իր ստեղծած խմբերով, փառատոններով, թատրոնով և մշակութային նախաձեռնություններով։

