
2027 թվականից Վրաստանում 70 տարեկանից ցածր անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիներինը՝ 60 լարիով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն՝ ներկայացնելով 2027 թվականի բյուջեի նախագիծը։
Վրաստանում թոշակների հնարավոր բարձրացման վերաբերյալ NOR ռադիոկայանը Նինոծմինդայի բնակիչների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե որքանով են քաղաքացիները տեղյակ սպասվող փոփոխություններից և ինչ կարծիք ունեն դրա վերաբերյալ։
Հարցված բնակիչներից ոմանք տեղեկացված էին և դրական էին գնահատում թոշակների բարձրացման հնարավորությունը։ Նրանք, մասնավորապես, նշում էին, որ Վրաստանում թոշակները Հայաստանի համեմատ բավական բարձր են։
«Շատ լավ է։ Վրաստանի նման բարձր թոշակ ոչ մի տեղ չեն տալիս։ Եթե Հայաստանի թոշակի հետ համեմատենք, այնտեղ ստացվող գումարը նույնիսկ մեկ կիլոգրամ բրնձի համար չի բավականացնում»,- նշեց հարցված բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ Վրաստանում ստացվող թոշակը, իր կարծիքով, առնվազն որոշակի անհրաժեշտ ապրանքներ գնելու հնարավորություն է տալիս․
«Մերը լավ է, մեկ կիլոգրամ պոմիդորի ու վարունգի կհերիքի»։
Հարցվածներից մեկի խոսքով՝ նույնիսկ 10 լարիով թոշակի բարձրացումը կարևոր նշանակություն կունենա։
«Եթե անգամ 10 լարիով բարձրացնեն, դա էլ է մեծ բան»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ, որոշ քաղաքացիներ նշեցին, որ թեմայով առանձնապես չեն հետաքրքրվում, քանի որ թոշակառու չեն։
«Ես թոշակառու չեմ, ինձ չի հետաքրքրում։ Նրանք, ովքեր թոշակ են ստանում, իրենք թող մտածեն»,– ասաց մեկ այլ հարցված։
Իսկ թոշակառու բնակիչներից մեկը դրական արձագանքեց հնարավոր բարձրացմանը ասելով
«Շատ լավ է ես թոշակառու եմ, ստանում եմ 440 լարի։ Եթե ավելացնեն, շատ լավ կլինի։ Շնորհակալություն պետությանը»։
Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց, որ դրական է վերաբերվում պետության կողմից թոշակառուներին ցուցաբերվող աջակցությանը․
«Լավ է, լավ պետություն է, լավ էլ օգնում է, թոշակներն էլ բարձրացնում է»։
Մանրամասները աուդիոնյութում․
Տեսանյութ․

