
Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դա կնշանակի, որ քաղաքացիների մոտ տարբեր բարձրացումներ կլինեն, միջինում տարբեր թվեր կլինեն։ Նաև կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը, այնտեղ բանաձև այլ է, քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով է, ես յուրաքանչյուր դեպքի համար չեմ կարող ասել կոնկրետ մարդու համար ինչքան կբարձրանա, բայց կլինի բարձրացում, որի համար մոտավորապես կծախսենք հավելյալ մոտավորապես 5.5 միլիարդ դրամ»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ հունվարի 1–ից հանվելու է թաղման նպաստը, Թորոսյանն ասաց. «Մենք որոշել ենք այդ գումարները ուղղել մեր քաղաքացիներին, կենսաթոշակառուներին, իհարկե պահպանելով այդ նպաստը անապահովության համակարգում եղած մեր քաղաքացիների համար, որոնք որ ավելի մեծ կարիք կունենան, որպեսզի այդ ծախսերը հոգան։ Դրա արդյունքում ոչ մի բան չի տնտեսվի, հավելյալ 5.5 միլիարդ դրամ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը»։

