Գազարի բերքահավաքը՝ դժվար պայմաններում

Գազարի բերքահավաքը՝ դժվար պայմաններում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն որոշ ժամանակ է՝ ընթանում է գազարի բերքահավաքը։ Սովորաբար գազարի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի սկզբին և շարունակվում մինչև հոկտեմբերի կեսերը։

Ի տարբերություն կարտոֆիլի՝ գազարի մշակման և բերքահավաքի աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ձեռքով, ինչը գյուղացիներից ավելի մեծ ժամանակ և աշխատանք է պահանջում։

NOR ռադիոկայանի լրագրողները գազարի բերքահավաքի աշխատանքներին ականատես եղան նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում։

Բնակիչների խոսքով՝ վերջին տարիներին իրենք սկսել են նվազեցնել գազարի ցանքատարածությունները, քանի որ տարեցտարի ավելի դժվար է դառնում բերքի իրացումը։ Բացի այդ, գազարի մշակումը մեծ ջանքեր է պահանջում՝ ինչպես աճեցման, այնպես էլ մշակելու ընթացքում։

«Նման տարի դեռ չէր եղել։ Նախկինում կարողանում էինք վաճառել, գնորդներն իրենք էին գալիս։ Եղանակն էլ այսքան անձրևային չէր լինում։ Ցեխոտ գազարը չեն ցանկանում գնել, դրա համար էլ բոլորը սկսել են քիչ ցանել։ Հաջորդ տարի ես էլ եմ ցանքատարածությունը կրճատելու, 1 սոթ եմ թողնելու։ Անգամ գնին չենք նայում՝ ինչքան ուզում են, այդ գնով տալիս ենք, միայն թե տանեն։ Շահույթ չունենք, տանջվում ենք, ինքներս մեզ ենք տանջում»,- նշեց Մեծ Գոնդուրա գյուղի բնակչուհին։

Մեծ Գոնդուրա գյուղի մեկ այլ բնակիչ Թելման Շիրինյանն էլ նշեց, որ գազարի բերքահավաքն իրենց մոտ սկսվել է ավելի քան 10 օր առաջ։

«Արդեն 10 օրից ավելի է՝ սկսել ենք։ Գազարը ցեխոտ ու խոնավ է, ուղղակի տանջանք է։ Գինը տատանվում է 50-60 թեթրիի սահմաններում։ Հիմնականում ցանում ենք փոխանակման և վաճառելու համար։ Բոլորս էլ ցանքատարածությունները կրճատել ենք, ես նույնպես պետք է կրճատեմ։ Անձրևը, կարկուտը՝ փչացրեցին բերքը»,- ասաց նա։

Դիտեք տեսանյութը՝

Մեկ այլ բնակիչ՝ Կարապետ Համբարյանը, նշեց, որ բերքի որակից դժգոհ չեն, հիմնական խնդիրը դրա իրացումն է։

«Բերքից դժգոհ չենք, վաճառելուց ենք դժգոհ։ Չենք կարողանում վաճառել։ 40-50 թեթրիով տալիս ենք, դրա դիմաց 2-3 մանեթի լոլիկ ու վարունգ ենք առնում։ Նախկինում գազարը 80 թեթրի էր, հիմա արդեն իջել է 50-60-ի։ Այն էլ՝ եթե լավն է»,- նշեց Կարապետ Համբարյանը։

Radio NOR · Գազար