
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովականը բարձրադիր գոտում գտնվող գյուղ է, որտեղ բնակիչները որոշակի խնդիրների են բախվում։ Դրանցից են ներքին ճանապարհների անմխիթար վիճակը, կիսատ մնացած սպորտդահլիճի կառուցումը, գազամատակարարման բացակայությունն ու դպրոցի շենքի վիճակը։
Գյուղում առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանի հետ։
Անդրադառնալով ներքին ճանապարհների վիճակին՝ Հովսեփ Անտանոսյանը նշեց, որ այս տարի դրանց ասֆալտապատում նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ անցած տարի գյուղի ճանապարհների հարթեցման աշխատանքներ կատարվել են։ Այնուամենայնիվ, կա ծրագիր և հնարավոր է՝ աշխատանքներն իրականացվեն հաջորդ տարի։
Նշենք, որ տարվա գրեթե բոլոր ամիսներին գյուղի ներքին ճանապարհները վատ վիճակում են։
Ինչ վերաբերում է կիսատ մնացած սպորտդահլիճի կառուցմանը, գյուղի ներկայացուցիչը ասաց, որ աշխատանքները շարունակվելու են։ Ծրագիրն արդեն կա և նախատեսվում է այն ներկայացնել մրցույթի։ Եթե այս տարի չհասցնեն շինարարությունը իրականացնել, քանի որ եղանակային պայմաննրը հնարավոր է թույլ չտան, սակայն աշխատանքները կիրականացվեն հաջորդ՝ տարի, դա հաստատ է։
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում կառուցվում էր նոր սպորտդահլիճ։ 2026 թվականին իրականացվել էին շինարարության առաջին՝ հիմքի կառուցման աշխատանքները, որոնց համար հատկացվել էր 23 հազար լարի։
Գյուղի բնակիչներին հուզող մյուս կարևոր հարցերը գազամատակարարումն ու դպրոցի շենքի վերանորոգումն են։ Գազամատակարարման խնդրի առնչությամբ, ըստ Հովսեփ Անտանոսյանի, այս պահին նոր զարգացումներ չկան։
Դպրոցի հարցում, սակայն, որոշակի դրական սպասումներ կան։ Գյուղի ներկայացուցչի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ հաջորդ տարի մեկնարկեն դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները։ Նախատեսվող ծրագրի համաձայն՝ պահպանելով միայն շենքի պատերը, կկատարվեն մնացած շինարարական աշխատանքները։

