
Այսօր Նինոծմինդայում թոշակառուներն ակտիվորեն ստանում էին իրենց կենսաթոշակները։ Սակայն բնակիչների խոսքով՝ թոշակի բարձրացումը դեռևս չի նշանակում, որ այն բավարար է առօրյա ծախսերը հոգալու համար։
Թոշակառուները NOR-ին հայտնում են՝ ապրանքների ու ծառայությունների գները շարունակաբար բարձրանում են, և ամսվա ընթացքում ստացած գումարը հաճախ չի բավականացնում անգամ ամենաանհրաժեշտ գնումների համար։
«Մտնում ես խանութ, 200 լարի ես ծախսում, բայց դուրս ես գալիս ու մտածում՝ գրեթե ոչինչ էլ չես գնել»,— ասում են բնակիչները՝ նշելով, որ հատկապես սննդամթերքի թանկացումն է զգալիորեն ազդում բյուջեի վրա։
Բնակիչների խոսքով՝ թոշակը կարող է ավելանալ, սակայն եթե դրա հետ մեկտեղ շարունակում են աճել նաև ապրանքների գները, ապա այդ ավելացումը առօրյայում մեծ փոփոխություն չի ապահովում։
Նշենք, որ 2027 թվականից Վրաստանում 70 տարեկանից ցածր անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիներինը՝ 60 լարիով։
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն՝ ներկայացնելով 2027 թվականի բյուջեի նախագիծը։

