Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը կառուցվել է 80 տարի առաջ և այժմ գտնվում է վթարային վիճակում: Դպրոցում բացակայում են տարրական պայմաններն անգամ:
Դպրոցում չկա ջուր, կոյուղու համակարգ, մարզադահլիճ, իսկ պատերի ճեղքերը ամեն տարի շատանում են ու լայնանում: Տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով` արդեն 20 տարի է դպրոցը անմխիթար վիճակում է գտնվում, դասընթացների անցկացման գործընթացը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Նրա խոսքով` շատ ուշադիր պետք է լինել, որ արտառոց դեպքեր տեղի չունենան:
Այս դպրոցը առաջինն էր Ջավախքում, որ 1935թ. դարձավ միջնակարգ դպրոց, ուր հաճախում էին ոչ միայն Նինոծմինդայի, այլ նաև Ախալքալաքի երեխաները:
Մինչև 2000 թվականը դպրոցում սովորում էին 600 աշակերտ: Սակայն 2010 թվականին աշակերտների թիվը կրճատվել է` հասնելով 300-ի: Չնայած դրան` թիվ 1 դպրոցը ներկայումս ամենաշատ աշակերտ ունեցող դպրոցն է Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Դպրոցում այժմ սովորում են 360 աշակերտ և աշխատում 48 մանկավարժ: Բոլոր մանկավարժներն ունեն բարձրագույն կրթություն և դասավանդում են իրենց մասնագիտական առարկաները:
SJGC գազաֆիկացնող ընկերության գլխավոր տնօրեն Արամ Սանոսյանի ֆինանսական աջակցությամբ 2015թ. դպրոցում անցկացվել է կենտրոնական ջեռուցման համակարգ, ինչպես նաև մասնակիորեն լուծվել է կոյուղու, ջրի և սանհանգույցի հարցը: Ջուրը և սանհանգույցը գտնվում են դպրոցից դուրս:
1938թ. կառուցված դպրոցում մինչ օրս կապիտալ վերանորոգում չի անցկացվել: Այս տարիների ընթացքում ընդամենը կատարվել է մասնակի վերանորոգում, փոփոխվել են տանիքն ու պատուհանները:
Տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով՝ արդեն մի քանի տարի դիմում են Կրթության և գիտության նախարարությանը՝ ահազանգելով դպրոցի անմխիթար վիճակի մասին, լուսանկարներ և նամակ են ուղարկել դպրոցում վերանորոգում անցկացնելու խնդրանքով, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չեն ստացել: Նրա խոսքով՝ այս տարի դպրոց էին այցելել նախարարության ներկայացուցիչները, ովքեր տեսել են դպրոցում տիրող վիճակը և նշել, որ 2018թ. հավանաբար հնարավոր կլինի հիմնովոին վերանորոգում անցկացնել:
80 տարիների ընթացքում դպրոցը փոխել է 12 տնօրեն: 1998 թվականից դպրոցի տնօրենն է Տիգրան Պողոսյանը: Տիգրան Պողոսյանը ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: 1983 թ.-ից նա աշխատել է դպրոցում: “Լավ մանկավարժ լինելու համար, անհրաժեշտ է առաջին հերթին սիրել քո առարկան, քո կատարած աշխատանքը, հասկանալ երեխաներին և յուրաքանչյուր աշակերտին անհատական մոտեցում ցուցաբերել”,- կարծում է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանը:
Մանրամասների մասին կարող եք լսել Տիգրան Պողոսյանի հետ մեր հարցազրույցում.
Դպրոցի առաջին շրջանավարտները
Դպրոցի վաստակավոր մանկավարժները