Վրաստանում քիչ չեն դեպքերը, երբ աղջիկներն ամուսնանում և մայր են դառնում անչափահաս տարիքում:
Իրավապաշտպանները նշում են, որ վաղաժամ ամուսնությունների խնդիրը շատ ակտուալ է մեր երկրում, դրանց իրական թիվ հայտնի չէ, իսկ գործող օրենսդրությունը անզոր է օգնել մարդկանց, մինչև մարդիկ` իրենք չգիտակցեն խնդրի լրջությունը:
Վրաատանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից գենդերային իրավահավասարության դեպարտամենտի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ դեպարտամենտը ակտիվորեն աշխատում է խնդրի ուղղությամբ և դպրոցներում տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ: Դեպարտամենտը զբաղվում է նաև ընտանեկան բռնության և դրանց ուսումնասիրության հարցերով:
Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով` վերջին մի քանի ամիսների ընթացքում բռնության դեպքերի առնչությամբ 5 դիմում են ստացել: Նման դեպքերում իրավապաշտպան մարմինները զբաղվում են խնդրով, որպեսզի հանցագործություն կատարած անձը պատժվի օրենքի համապատասխան հոդվածով:
Ռեսուրս կենտրոնները ամեն ինչ անում են, որ անչափահասները վերադառնան դպրոց և շարունակեն ուսումը: Լիլիթ Հովհաննիսյանը վաղաժամ ամուսնությունների պատճառը համարում է ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, խիստ դաստիարակությունը, ինչը դրդում է աղջիկներին վաղ տարիքում ամուսնանալ:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կարող են դիմել բոլորը` ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ Վրաստանում ապրող այլ երկրների քաղաքացիները: Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների բնակիչները անչափահասների իրավունքների խախտման և բռնության դեպքերի առնչությամբ կարող են դիմել Գենդերային իրավահավասարության դեպարտամենտի գրասենյակ, որը գտնվում է Ախալքալաքում:
Դեպարտամենտը տարբեր նախարարություններից պարբերաբար տեղեկատվություն է հավաքում վաղաժամ ամուսնությունների մասին և կազմում վիճակագրություն:
Օրինակ Կրթության և գիտության նախարարության տվյալների համաձայն, 2015թ. 14-16 տարեկան 224 և 17-18 տարեկան 351 աշակերտուհիներ կիսատ են թողել ուսումը դպրոցում ամուսնության պատճառով:
Արդարադատության նախարարության տվյալներով 2015թ. պաշտոնապես գրանցվել է 611 ամուսնություն անչափահասների մասնակցությամբ, որոնցից ընդամենը 17-ի դեպքում է, որ տղաներն են եղել անչափահաս, իսկ 16-ի դեպքում տղաներն էլ, աղջիկներն էլ եղել են անչափահաս, իսկ մնացած դեպքերում անչափահասի դերում աղջիկներն են եղել:
Շրջաններում ապրող մարդկանցից շատերը չգիտեն, որ Վրաստանի օրենսդրությամբ արգելված է ամուսնանալ անչափահաս տարիքում: Ցավոք սրտի այսօր էլ Վրաստանի որոշ շրջանների համար վաղաժամ ամուսնությունները դիտվում են որպես սովորական երևույթ:
Վրաատանի օրենսդրությամբ վաղ տարիքում ամուսնացողներին սպառնում է տուգանք կամ բանտարկություն: